Երկրորդ անգամ է բրիտանահայ հայտնի հումորիստ, երաժիշտ եւ դերասան Քեւ Օրքյանն այցելում Ավետիսյան դպրոց, եւ երկրորդ անգամ էլ հանդիպման վերջաբանը կրկնվում է անփոփոխ. ավագ դպրոցի աշակերտներն օղակում են սիրելի հյուրին եւ չեն ուզում բաց թողնել:
Մանավանդ այսօրվա անկաշկանդ զրույցը, որը համեմված էր հումորով ու սրամիտ կատակներով, կյանքից վերցված օրինակներով եւ միաժամանակ պատանի ավետիսյանցիների համար լավ առիթ էր՝ ի ցույց դնելու անգլերենի իրենց իմացությունը:
Բարձրդասարանցիներին հույժ սրտամոտ էր արծարծվող թեման՝ երազանքների ու նպատակների, դրանց հասնելու ճանապարհին մեր մտքերի եւ խոսքերի դերի ու «տեխնիկայի», հետեւողականության եւ հաստատակամության՝ կենսափորձով հաստատված ճշմարտություններ եւ նրբություններ:
Տպավորիչ էր երաժշտական ընդմիջումը՝ դաշնամուրային նվագը. Քեւ Օրքյանը նվագեց իր «Արցախ» ստեղծագործությունը:
Դահլիճից ասելիք ունեին շատերը, ամենահամարձակները ոչ միայն արտահայտվեցին, այլեւ երկխոսություն սկսեցին հյուրի հետ:
Զրույցը շուտով վերածվեց կենսական հարցերի քննարկման, քանի պատանիներից յուրաքանչյուրն ուզում էր լսել հյուրի կարծիքը հենց իրեն հուզող հարցի մասին:
Հրաժեշտի խմբանկարից հետո թանկագին հյուրի հետ առանձին լուսանկարվել ցանկացան բոլորը:
