Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, յուրահատուկ արտաքին տեսքը, ընտանիքի սոցիալական ծանր պայմանները, իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն։
Հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվում են տարբեր գործընթացներ։
Բուլինգը վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար հատկապես այն պատճառով, որ նրանց մոտ հենց այս տարիքում է ձևավորվում ինքնաճանաչումն ու աշխարհընկալումը:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կազմակերպած «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովի ընթացքում քննարկումներ եղան հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելման, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավման, ապահով և անվտանգ կրության ապահովման թեմաների շուրջ։
Ապահով և բռնությունից զերծ կրթական միջավայրի ապահովումը կրթության գործընթացում ներգրավված բոլոր կողմերի առաջնային խնդիրն է, և այստեղ լուրջ դերակատարում պետք է ունենան հոգեբանները: Սակայն, դպրոցներում հոգեբան մասնագետների պակաս կա։ Ֆինանսական տեսակետից դպրոցներում հոգեբան աշխատելը գրավիչ չէ։ Խնդրի անցնցում կարգավորման համար անելիք ունեն և՛ ծնողները, և՛ կրթության ոլորտի ներկայացուցիչները, և՛ իրավապահ մարմինները։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փոխտնօրեն Հայկուհի Ադամյանը և Ավետիսյան դպրոցի հոգեբան-մանկավարժ Արփի Խաչատուրյանը։