Օգոստոսի 16-ին «Ավետիսյան» կրթահամալիրի բակում եռուզեռ էր. դպրոցի սաները այս ամառ էլ ուղևորվում էին Հանքավան՝ «Շիին Շողիկ» ճամբար` անցկացնելու ամառային մի քանի հրաշալի օրեր:
Ճամբարային բոլոր օրերն անցան բավականին հետաքրքիր: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին բակում կազմակերպված սպորտային խաղերին ու մրցույթներին, իսկ երեկոյան՝ դահլիճում կայացած միջոցառումներին, որտեղ ներկայացվում էին հումորային զվարճալի ծրագրեր և թատերական ներկայացումներ՝ մեր աշակերտների մասնակցությամբ: Իսկ օգոստոսի 18-ին անցկացվեց ուսուցողական և ճանաչողական միջոցառում: Այս անգամ այստեղ հյուրընկալվել էին 20-րդ դարի հայ քանդակագործության և գեղանկարչության ամենապայծառ ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրինությունն ու գիտաշխատողները:
«Ավետիսյան» դպրոցի սաները դիտեցին ուշագրավ տեսանյութ մեծ արվեստագետի կենսագրության և ստեղծագործության բազմաբեղուն ուղու մասին: Այնուհետև գիտաշխատողները մանրամասն ներկայացրին «Սասունցի Դավիթ» և «Վարդան Մամիկոնյան» լեգենդար կոթողների կերտման պատմությունը:
Միջոցառման ավարտին աշակերտներին բաժանվեցին Քոչարի ստեղծագործության վերաբերյալ հետաքրքրական բուկլետներ:
Ճամբարի վերջին օրն անցավ էլ ավելի ուրախ և անմոռանալի. պատանիները ուսուցիչների առաջնորդությամբ, մեկնեցին Ծաղկաձոր: Նրանք այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Կեչառիսի վանքային համալիր, ապա հիանալի ժամանակ անցկացրին բնության գրկում: Իսկ կեսգիշերին հավաքվելով խարույկի շուրջ՝ ասմունքեցին, երգեցին և զրուցեցին իրենց երազանքների մասին:
Կրթահամալիրի սաները Հանքավանից վերադարձան խանդավառությամբ և հաջորդ տարի կրկին այնտեղ գնալու սպասումով: