Այստեղ ամուր է արժանավոր հյուրերի ավանդույթը
— Սիրելինե՛րս, գաղտնիք չկա. պարզապես մի՛ ընկրկեք դժվարությունների առջև, մի՛ ընկճվեք խոչընդոտներից և մի՛ հուսալքվեք ծառացող դժվարություններից, այլ հաստատակամորեն շարունակեք ձեր ընթացքը դեպի երազանք, երբեք թևաթափ չլինեք և մի՛ ծուլացեք, — այս խորհրդով ավարտեց իր խոսքը «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության պետ Լարա Չոլաքյանը:
Իսկ պատգամն այդ ուղղված էր Ավետիսյան դպրոցի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք համակ ուշադրություն դարձած և անհագ հետաքրքրությամբ լսեցին կանադական Տորոնտոյում ծնված, օտար միջավայրում մեծանալու բոլոր դժվարություններն ապրած հայուհու գեղեցիկ և բովանդակալից կյանքի պատմությունը, որն այնքան էր ուսանելի, որ մեծ կյանքի շեմին կանգնած ավետիսյանցիներն ուզում էին հենց Լարայից իմանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Սորբոնի համալսարանից մինչև Հարավային Ամերիկա՝ Պերու, ապա Հնդկական օվկիանոս՝ Շրի Լանկա, և այլուր: Ի վերջո մշտապես և ընտանիքով՝ մայր Հայաստան, որտեղ նոր միայն իրեն զգաց հողին ամուր կանգնած, և այստեղ էլ անցած ուղին, եռանդուն աշխատանքով կուտակած փորձն ու գիտելիքներն ի սպաս դրվեցին նրա երազանքի իրականացմանը: Այդ ճանապարհն էր, որ անկեղծորեն, առանց դույզն-ինչ վարագուրելու ներկայացրեց Լարա Չոլաքյանը՝ իր պատումի մեջ շեշտադրելով երազանքին հասնելու մարդկային անհողդողդության իրական և հրաշալի արդյունքը:
Մեր պատանիները դահլիճից դուրս էին գալիս աչքերի նոր փայլով, լավատեսությամբ ու վճռականությամբ լիցքավորված: Տղաներից ոչ պակաս, նույնիսկ ավելի ոգեշնչված էին աղջիկները. չէ՞ որ իրենց առջև կանգնած էր կանանց վերաբերյալ բոլոր կարծրատիպերը հաղթահարած, հաջողակ և երջանիկ կինը, մայրը, ղեկավարը:
Թանկագին հյուրի հետ լուսանկարվելիս պատանի ավետիսյանցիների աչքերում փայլում էր այն դրական լիցքը, որը նրանց փոխանցեց Լարա Չոլաքյանը: