ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը 2014 թ. հոկտեմբերի 10-ին հյուրընկալվեցին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրում:
Կրթօջախի մուտքի մոտ նախարար Սեյրան Օհանյանին և նրան ուղեկցող անձանց դիմավորեցին ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը, ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, աշակերտները և ուսուցիչները:
Փոխադարձ ողջույններից հետո նախարարը շրջեց դպրոցում, ծանոթացավ ուսման և հանգստի համար ստեղծված պայմանններին, եղավ լաբորատորիաներում, ռազմագիտության դասարանում:
Ծանոթանալով ռազմագիտության դասասենյակի հագեցվածությանը, նախարար Ս. Օհանյանը խոստացավ առաջիկա մի քանի օրում դասարանը համալրել այն ամենով, ինչն անհրաժեշտ է լիարժեք դասընթաց կազմակերպելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարը կրթօջախի գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերից մի քանիսը:
Դահլիճում նախարարին և հյուրերին հայրենասիրական երգերով և ասմունքով ողջունեցին միջին և ավագ դպրոցների աշակերտները: Այնուհետև ելույթ ունեցավ նախարար Ս. Օհանյանը: Նա ողջունեց աշակերտներին և ուսուցչակազմին, բարեմաղթեց նրանց, շնորհակալություն հայտնեց Հայ Ավետարանչական ընկերակցությանն ու բարերար Էդվարդ Ավետիսյանին բոլոր առումներով հարմարավետ կրթօջախի ու մյուս բոլոր հայրենանվեր գործերի համար, որ իրականացնում են Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու բարերար Էդվարդ Ավետիսյանը:
Երեխաներին ուղղած իր կոչում նախարարը քաջալերեց նրանց լավ սովորել, դառնալ հայրենիքի լավ զինվորներ և քաղաքացիներ: Ավարտին՝ նախարար Սեյրան Օհանյանը դպրոցին նվիրեց ՊՆ համալիրի մանրակերտը:
