Ավետիսյան դպրոցի՝ տարեցտարի հարստացող գրադարանում քիչ չեն հնատիպ գրքերը, որոնք Երևան են հասել հիմնականում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից արված նվիրատվությունների շնորհիվ: Վերջերս գրող, լրագրող, արևմտահայերենի մասնագետ Հակոբ Միքայելյանի նախաձեռնությամբ դպրոցի գրադարանում կազմակերպվեց այդպիսի 70 գրքերի ցուցադրությունը: Մի քանի օր շարունակ բարձր դասարանների աշակերտները ծանոթանում էին այդ հնատիպ գրքերին, որոնց մեջ կային 1847, 1868, 1872 թվականների հրատարակություններ: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց գաղափարը՝ այդ արժեքավոր գրքերը դպրոցական գրադարանից դուրս բերել լայն ասպարեզ, հասու դարձնել հանրությանը, մանավանդ որ տպված լինելով Կ. Պոլսում (մեծ մասը), Նյու Յորքում, Բոստոնում, Փարիզում, Թիֆլիսում թե այլուր՝ դրանցից յուրաքանչյուրը հայ գրքի մի ուրույն, արժևորող ուղի է անցել:
Դպրոցի ղեկավարությունն այդ հարցով բանակցեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հետ, ճշտվեց հարկավոր գրքերի ցուցակը, և այսօր՝ մայիսի 20-ին, հնատիպ գրքերի մի փունջ Ավետիսյան դպրոցից հասցվեց Ծիծեռնակաբերդ:
Նվիրատվությունից և ավանդական լուսանկարումից հետո սկսվեց գործնական ու ջերմ զրույց դպրոցի պատվիրակության և թանգարանի աշխատակիցների միջև: Խոսակցության առանցքն էր մտավորականի, ուսուցչի, դպրոցի և գրքի դերը մեր պատմական ժառանգությունն ու հիշողությունը սերունդներին փոխանցելու, հայրենասիրական դաստիարակությունը հայրենաճանաչության և գրաճանաչության հետ սերտորեն աղերսելու հրամայականը, ինչի իրականացումն էր նաև այսօրվա գործնական քայլը: Ավետիսյան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը պատմեց այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ու հեռանկարային ծրագրերի մասին: Իր հերթին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանը հյուրերին ներկայացրեց թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչման խնդրին առնչվող ուշագրավ փաստերի, տեղեկությունների հետ կապված տեղեկություններ, նաև իրենց ներկա և առաջիկա անելիքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց դպրոց-թանգարան կապն առաջիկայում ևս գործնական քայլերով հաստատելու մասին: Իսկ հրաժեշտից առաջ թանգարանը դպրոցին նվիրեց իր հրատարակչական նորույթները:
* * *
Ընթերցե՛ք նաև՝
ՀՑԹԻ գրադարանը համալրվել է հնատիպ գրքերով