ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ  ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՅՈՒԼԻԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Հիմնաբառեր՝ ընտանիք, ծնող, դաստիարակություն, ծնողների հոգեբանամանկավարժական իրազեկություն, հուզական բանականություն

Ժամանակակից աշխարհում ընտանիքը և նրա սոցիալ-տնտեսական բարեկեցությունը  համարվում են ամուր պետության և առողջ հասարակության գրավականներ, և դրանով պայմանավորված` այսօր գիտական հանրության շրջանում մեծ արդիականություն են վայելում ծնողների  մանկավարժական իրազեկման  հետ կապված տարատեսակ հիմնահարցերը: Ծնողական կրթության գործընթացում առանցքային կարևորություն ունի երեխան, նրա անձի զարգացումն ու փոխհարաբերություններն իրեն շրջապատող միջավայրի  հետ: Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքում անչափ կարևորվում են երեխայի՝ մինչև երեք տարեկանը ստեղծված պայմանները, որոնց անմիջական պատասխանատուն ծնողն է [Ибука 1991:7]: Սակայն նշված տարիքից հետո էլ անհրաժեշտ է պահպանել ծնող-երեխա հուզական կապը՝ տարիքային տարբեր շրջափուլերում երեխայի անձի լիարժեք զարգացման համար: Շատ ծնողներ, հատկապես առաջնեկի ժամանակ, անվստահություն են ցուցաբերում երեխայի դաստիարակության ընթացքում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, ինչն էլ անվճռականության և մի շարք բացթողումների է հանգեցնում: Իսկ երեխան, զգալով ծնողի անվստահությունը, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ հիմք է ծառայում բացասական վարքագծի ձևավորմանը: Ըստ Ա. Մակարենկոյի` «յուրաքանչյուր ընտանիք հատկանշվում է կյանքի ու կենսապայմանների յուրակերպությամբ և պետք է ինքնուրույնաբար մանկավարժական շատ խնդիրներ լուծի», սակայն մարդը կյանքի բոլոր փուլերում էլ սովորելու և խորհրդատվության կարիք ու պահանջմունք ունի, հատկապես` մեկ այլ մարդու դաստիարակության գործընթացում [Մակարենկո 1953:398]: Այս առումով կարևորվում է նաև խորհրդատվության դերը երեխայի և ընտանիքի հետ տարվող աշխատանքններում: Հայ իրականության մեջ վերջերս կատարված մի հետազոտություն նշում է, որ աշխատանքը բարդանում է այն ծնողների հետ, որոնք կոնֆլիկտ ունեն երեխաների կամ ուսուցիչների հետ: Ա. Մ Զադոյանն իր  <<Խորհրդատվության դաստիարակչական դերը սովորողների պահվածքի ձևավորման գործում>> հոդվածում  նշում է, որ ծնող-երեխա կոնֆլիկտային իրավիճակների դեպքում մանկավարժ-խորհրդատուն պետք է աշխատանք  տանի ծնողների հետ, և այդ աշխատանքի գլխավոր նպատակը պետք է լինի ծնողների կողմից երեխայի խնդրի, նրա անհատականության օբյեկտիվ ընկալումը, երեխայի հետ հաղորդակցման ընթացքում իր դաստիարակչական մարտավարության, ինչպես նաև կրթական գործընթացի այլ մասնակիցների հետ համագործակցության որոշումը: Ընտանիքին ցուցաբերվող աջակցության մեջ կարևոր է ծնողների և մանկավարժների գործողությունների համաձայնեցվածությունը: Ցանկալի է, որ դժվար երեխան իր ժամանակի յուրաքանչյուր պահին գտնվի որևէ կողմի պատասխանատվության գոտում: Այս ջանքերը անհրաժեշտ են, քանի որ նույնիսկ մեկ «պրոբլեմային» երեխա կարող է էական ազդեցություն թողնել ընտանիքում կամ դպրոցի այլ երեխաների վրա [Զադոյան 2014:187]:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում կրթությունը վերաճում է մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորմանը` զարգացնելով համակեցության, հանդուրժողականության, համագործակցության և արժեքային որակներ, այս բնագավառի հիմնախնդիրների շարքում առանձնապես կարևորվում է երեխայի արժեհամակարգի ձևավորումը, որի րականացման գործընթացում հատկանշական է մանկավարժական խորհրդատվության միջոցով երեխայի ուղեկցումը, արարքների ուղղորդումը, կարգապահական շեղումների վերացումը և նրա նոր՝ բարոյահոգեբանական նկարագրի կերտումը: Պ.Ֆ. Կապտերևը լիովին համոզված էր, որ ընտանիքն ազդում է երեխայի վրա իր մթնոլորտով, անդամներով, մշակութային և գիտական զարգացվածությամբ, միասնականությամբ, բարոյական և ինտելեկտուալ համոզմունքներով: Ըստ նրա՝ ինչպես ցանկացած գործընթացում, երեխայի դաստիարակության ժամանակ էլ հնարավոր են սխալներ և անհաջողություններ, սակայն ծնողների գերխնդիրն է ստեղծել երեխայի համար այնպիսի պայմաններ, որոնք կկանխեն երեխայի՝ ծնողների կողմից չսիրված և անտեսված լինելու զգացումը: Այսինքն՝ երեխան պետք է վստահ լինի, որ իրեն սիրում են [Շուբովիչ 2004:205]:

Այս ամենի մասին քաջատեղյակ լինելով՝ պետության մանկավարժական կազմը անձի ձևավորման և դաստիարակության գործընթացում պետք է ուրույն տեղ հատկացնի ծնողների մանկավարժական իրազեկության համար, քանի որ հենց ընտանիքում է տեղի ունենում զարգացող անձի հենքային դաստիարակությունը, հոգևոր ներաշխարհի ձևավորումը, աշխատասիրությունը և սերը հայրենիքի նկատմամբ: Բացի այդ, կան կազմակերպություններ, որոնք աջակցում են ծնողներին դաստիարակության գործընթացը ճիշտ կազմակերպելու հարցում: Օրինակ, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի «Ծնողական և համայնքային կրթության ծրագիրը» կրթական ծառայություններ է առաջարկում բոլոր այն ընտանիքներին՝ մայրիկներին, հայրիկներին, դայակներին, տատիկ-պապիկներին, ովքեր ցանկանում են վերապատրաստվել ծնողական կրթության ծրագրով և մանկապարտեզի փոխարեն կամ դրան զուգահեռ՝ տանը հմուտ մանկավարժական մեթոդներով ու փորձառությամբ նպաստել երեխաների զարգացմանը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Երեխայի և ընտանիքի աջակցության» ծրագիրն, իր հերթին, սոցիալական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերում թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին: Երջանիկ մայրություն ծրագրի շրջականերում հղի կանայք ձեռք են բերում հենքային գիտելիքներ դեռ չծնված երեխայի հետ շփման առանձնահատկությունների և երեխայի կյանքի առաջին տարվա խնամքի և դաստիարակության վերաբերյալ: Երեխաների հետ աշխատելիս նույնպես անչափ կարևորովում է ծնողների հետ կապը, որն իրականացվում է անհատական կամ խմբային հանդիպումների միջոցով. նպատակն է գիտելիքներ հաղորդել ծնողներին երեխաների տարիքային և խոսքային զարգացման վերաբերյալ: Անհատական հանդիպումները քննարկումների ձևաչափով են իրականացվում և կազմակերպվում են՝ ըստ ծնողի կամ մասնագետի պահանջի: Ուստի, ծնողների մանկավարժական իրազեկությունը կարելի է իրականացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում՝ կաևորելով վերջիններիս ներգրավվածությունը երեխայի՝ տարիքային տարբեր շրջափուլերում իրականացվող դաստիարակության գործընթացում:

Ծնողների հետ տարվող բազմաբնույթ աշխատանքները պետք է փոխկապակցված լինեն և մեկ ընդհանուր համակարգի շրջանակներում ծանոթացնեն վերջիններիս ինչպես մանկավարժական և հոգեբանական տեսություններին, այնպես էլ երեխայի դաստիարակության գործընթացում կիրառվող նորարարական մոտեցումներին:  Գոյություն ունեն ծնողների մանկավարժական իրազեկության մի քանի ավանդական ձևեր, որոնցից ամենալայն տարածումն ունեն ծնողական ժողովները, ծնողների հետ տարվող անահատական զրույցները, ինչը մեծամասամբ դասղեկի և դպրոցի հոգեբանի գործառույթն է, և դպրոցում կազմակերպված բաց դռների օրերը: Մեր օրերում շատ կարևոր է, որ ծնողների հետ  տարվող իրազեկման աշխատանքները ստանան նոր բովանդակություն` տարբեր տարիներով արմատացած  ավանդական մոտեցումներից: Մասնավորապես, ծնողական ժողովներին կամ հայտարարված բաց դռների օրերին երեխայի գնահատականներով, առաջադիմության հետ կապված դժգոհություններով և վարքագծով հետաքրքրվելու հետ մեկտեղ շատ քիչ ծնողներ են փորձում հասկանալ, թե ինչպիսի հուզական ներաշխարհով է երեխան այդ օրերին ներկայացել դպրոց, և որն է եղել նրա առաջադիմության անկման կամ վատ վարքագծի դրսևորման պատճառը: Հետևապես, անհրաժեշտություն է ծագում ծնողին իրազեկելու դաստիարակության գործընթացում հուզականության կարևորության մասին: Դեռևս Վ. Ա. Սուխումլինսկին իր ժամանակին նշելէ է, որ առաջին հերթին երեխային դաստիարակելի են դարձնում ուրախությունը, երջանկությունը, կենսուրախ աշխարհընկալումը: Երկրորդ, երեխան դաստիարակելի է դառնում այն դեպքում, երբ միջավայրը, որտեղ նա շփվում է  բնության և մարդկանց հետ, նրան դարձնում է անհանգիստ, հուզումնալից, նուրբ, շուտ վիրավորվող, քնքուշ և կարեկից: Երեխաների սրտերը պետք է լայնորեն բաց լինեն այլոց ուրախությունների և վշտերի առաջ [Сухомлинский 1990:7]: Այսինքն, դաստիարակության գործընթացում ծնողները պետք է սովորեն նախ և առաջ հասկանալ ու ըմբռնել երեխաներին սրտով ու մտքով: Երբեմն մի երևույթ, որը մեզ՝ մեծահասակներիս, միանգամայն աննշան է թվում, երեխային կարող է մեծ հուզմունք պատաճառել:  Շատերս գիտենք, որ բույսերի հետ մշտապես զրուցելը, նրանց քնքուշ խոսքեր շշնջալը նպսատում է վերջիններիս աճին ու փարթամությանը: Ուստի, երեխաներն էլ բույսերի նման հուզականության կարիք ունեն առողջ զարգացման համար: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և ինքնավստահ, թե կլինի բարդույթներով և աշխարհի վրա չարացած: Ծնողներին այս մասին մանկավարժորեն իրազեկելու համար օգնության է գալիս 20-րդ դարում լայն տարածում գտած հուզական բանականություն (այսուհետ` ՀԲ) հասկացությունը:

Հուզական բանականության նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացավ այն ժամանակ, երբ 20-րդ դարում գիտնականները չկարողացան IQ թեստերի միջոցով բացատրել մարդու մոտիվացիայի և վարքի առանձնահատկությունները [Goleman 1995:117]: Հուզական բանականության վերաբերյալ կան մի շարք տարակարծություններ. ոմանք գտնում են, որ ՀԲ-ն այդքան էլ գիտական չէ, ոմանք էլ կարծում են` հենց դա է կյանքի բոլոր բնագավառներում հաջողության հասնելու բանալին: Հարցի շուրջ, թե արդյոք հնարավոր է ապրել առանց հույզերի, խորհել են դեռևս հին հույները՝ հանգելով այն մտքին, որ իմաստուն է այն մարդը, որը կարող է համադրել խելքը, տրամաբանությունը և հույզերը: Ակնհայտ է, որ ՀԲ-ն հարցը բոլոր ժամանակներում էլ արդիական է եղել: Լոնդոնի համալսարանական քոլեջի հոգեբանության պրոֆեսոր Կոնստանտին Պետրիդեսի խոսքերով ՀԲ են անվանում մարդու` սեփական հույզերը ճանաչելու և ծագած խնդիրները արդյունավետ լուծելու նպատակով դրանք կառավարելու կարողությունը [Исаченко 2017:3]:

Հուզական բանականության ուսումնասիրման փորձեր են արվել դեռևս 1870-ականներին: Չ.Դարվինը հրատարակել է «Մարդու և կենդանիների հույզերի արտահայտման մասին» գիրքը, 1920 թ. Է. Թորնդայքը ներդրել է  սոցիալական բանականության` որպես մարդկանց հետ հարաբերություններում անձի խելամտորեն գործելու կարողության  հասկացությունը, 1983 թ. Հ. Գարդները «Բազմաբնույթ մտածողություն» աշխատության մեջ տրոհեց մարդու բանականությունը ներքին (սեփական հույզեր) և միջանձնային (շրջապատող մարդկանց հույզեր) հատվածների: Իսկ արդեն 1995 թ. լրագրող Դանիել Գոուլմենը հրատարակեց «Հուզական բանականություն. ինչո՞ւ է այն ավելի կարևոր, քան IQ-ն» գիրքը` համընդհանուր ճանաչում բերելով այս հասկացությանը:

Ժամանակակից կրթական և դաստիարակչական մեթոդներից շատերն ուղղված են երեխայի ռացիոնալ մտածողության և IQ-ի մակարդակի բարձրացմանը: Ծնողները երեխաներին  սովորեցնում են գրել և կարդալ, տրամաբանորեն մտածել և խորհել, ինչպես նաև հոգ են տանում երեխայի ֆիզիկական առողջության մասին: Այնուամենայնիվ, անձի ձևավորման և երեխայի սոցիալականացման գործընթացում մեծ տեղ է հատկացված հենց հուզական բանականությանը: Թերևս շատերը չհամաձայնեն վերոնշյալին,  սակայն համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կյանքի հասարակական և անձնական ոլորտներում հաջողության 80 %-ը պայմանավորում է ՀԲ-ն զարգացման մակարդակը, իսկ մնացած 20 %-ն ապահովում է բոլորին հայնտի IQ-ն [Salovey & Mayer 1993:433]:  ՀԲ բարձր մակարդակն օգնում է հարմարվելու կյանքի տարբեր պայմաններին, արագ հաղթահարելու սթրեսային իրավիճակները, հասնելու մասնագիտական բարձունքների և հաղթահարելու դժվարությունները: Երեխայի սոցիալականացումը և նրա մոտիվացիան դպրոցում, մարդկանց հետ շփվելու և արտաքին աշխարհը ուսումնասիրելու ցանկությունը անմիջապես կախված են ընտանիքում տիրող հուզական մթնոլորտից:

Հաճախ ծնողները հակված են թերագնահատելու երեխայի ներքին վիճակի վրա իրենց սեփական զգացմունքների ազդեցության աստիճանը: Սակայն երեխան սպունգ է, որն, առանց զանազանելու պետքականն ու անպետքը, ներծծում է այն ամենը, ինչ զգում է: Այն բոլոր զգացմունքները, որոնք ծնողներն ուղղում են դեպի երեխան, ապագայում պայմանավորում են նրա հուզազգայական մակարդակի զարգացման աստիճանը: Դեռ ներարգանդային շրջանում պտուղը կարդում է մոր մտքերը և զգում նրա տրամադրությունն ու հուզական վիճակը: Յուրաքանչյուր հուզական պայթյուն, սթրեսային իրավիճակ կամ բացասական զգացողություն անմիջապես ազդում է երեխայի վրա: Յուրաքանչյուր մայր առաջնային է համարում հղիության ընթացքում կայուն և ներդաշնակ զգացմունքային մթնոլորտի ստեղծումը: Նորածինների կյանքի առաջին ամիսներին շրջակա միջավայրը պետք է լինի հնարավորինս փափուկ և հարմարավետ: Ծնողները, մասնավորապես մայրերը, փորձում են միշտ հանգիստ և նրբանկատ լինել նորածնի հետ, պաշտպանել նրան բացասական հույզերի ցանկացած դրսևորումից: Այս ժամանակահատվածում կարևոր է երեխայի ենթագիտակցության մեջ ներդնել մտերմության և ապրումակցման վրա հիմնված հարաբերությունների սերմերը. երեխան պետք է հիշի, որ իրեն սիրում են: Մինչև երեք տարին լրանալը  երեխան և նրա մայրը գտնվում են նույն հուզական միջավայրում, հետևապես մոր զգացմունքներն այն օդն են, որը երեխան է շնչում: Այն, թե ծնողը որքան ճիշտ կարտահայտի իր զգացմունքները, կհաղթահարի սթրեսը և անախորժությունները, հիմք կդառնան երեխայի` առողջ հոգեբանական և ֆիզիկական կացության համար: Ուստի  չափազանց կարևոր է, որ երեխան ականատես լինի ծնողների ամբողջական և ներդաշնակ փոխհարաբերություններին, քանի որ շատ հաճախ երեխաները իրենց միջանձնային հարաբերություններում կիրառում են իրենց իսկ ծնողների` միմյանց նկատմամբ դրսևորվող վարքի մոդելը [Morris, Silk, Steinberg, Myers & Robinson 2007:361]: Այսինքն՝ անհրաժեշտ է մշակել ծնող-երեխա առողջ և հուզականությամբ լի հարաբերությունների՝ սերնդեսերունդ փոխանցելու մշակույթը:

Հոդվածի շրջանակներում առցանց հարցման միջոցով հետազոտություն է անցկացվել 8-9 տարեկան երեխաների ծնողների շրջանում՝ հասկանալու, թե որքանով են ծնողներն իրազեկ իրենց երեխաների հուզազգայական մակարդակի մասին, ինչպես են հաղթահարում երեխայի հետ ունեցած կոնֆլիկտները և արդյոք մանկավարժորեն իրազեկ են առկա լուծումների և մեթոդների մասին: Հարցված ծնողների միայն 42,9%-ն է օգտվում մանկավարժական գրականությունից, մնացած 52,4%-ը հիմնվում է սեփական կյանքի փորձի և ծանոթների տված խորհուրդների վրա: Դպրոցից տուն վերադառնալիս հարցվածների 76,2%-ի երեխաները պատմում են դպրոցում տեղի ունեցած հետաքրքիր և դրական իրադարձությունների մասին, մինչդեռ 23,8%-ը խոսում է օրվա ստացած գնահատականներից: Դաստիարակության գործընթացում ագրեսիվ տոնի կիրառումը 71%-ի համար կարևոր է, սակայն նրանցից 61,9%-ը փորձում է հնարավորինս խուսափել դրանից՝ կիրառելով երեխայի խրախուսման խոսքային մեթոդը: Հարցաթերթիկում առաջադրված պատժի մեթոդներից ծնողների 47,6%-ն ընտրել է  տեղի ունեցածը հավանության չարժանացնելը, 38,1%-ը՝ ժամանցից կամ խոստացած նվերներից զրկելը, իսկ 14,3%-ը՝ խոսքով սպառնալը: Երեխայի նյարդային գերբեռնվածության պատճառների մասին բոլոր ծնողները տեղյակ են, սակայն 81%-ը պատասխանել է, որ կցանկանար ավելին իմանալ: Հետևապես, անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել ծնողների մանկավարժական իրազեկությանն ուղղված սեմինարներ կամ դասախոսություններ, որտեղ ծնողները կստանան գիտելիքներ հույզերի կարևորության, նեյրոհոգեբանության և հուզական բանականության մասին, կխորհրդակցեն մասնագետների հետ, թե ինչպես տանը հսկել երեխայի աշխատանքը և նրան բազմաբնույթ հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Չնայած հարցված ծնողների 42,9%-ը գտնում է, որ իրեն նման միջոցառումներ անհրաժեշտ չեն, սակայն մյուս 57,1%-ը խոստովանում է, որ դեմ չէր լինի նման աջակցության:

Այսպիսով, հուրախություն մեզ՝ հարցված ծնողները մեծամասամբ հանդուրժող են, քանի որ նրանցից ոչ ոք ֆիզիկական պատժի կամ ահաբեկման չի ենթարկում իր երեխային, շատերը զրուցում են երեխայի հետ օրվա իրադարձությունների շուրջ և փորձում հասկանալ՝ ինչպիսի հոգեբանական վիճակով է երեխան վերադառնում տուն:  Գուցեև դա պայմանավորված է նրանով, որ ծնողների այս սերունդը մեծացել է հետպատերազմյան սուղ կեցության պայմաններում, որտեղ միակ հոգսը օրվա հացի խնդիրը լուծելն է եղել, մինդեռ երրորդ հազարամյակի հասանելիության պայմաններում կյանքի բոլոր բնագավառները անձնակենտրոն մոտեցում են պահանջում: Ինչևէ, միանշանակ չենք կարող ասել, որ բոլոր ծնողները գիտեն, թե ինչն է կարևոր երեխայի դաստիարակության գործընթացում: Հետևապես, ծնողների հոգեբանամանկավարժական իրազեկման ժամանակ, թերևս, անհրաժեշտ է  լավագույնս ընդգծել ծնողների՝ հուզական բանականության դրսևորման այն կարևորագույն տարրերը, որոնք էապես ազդում են երեխայի առողջ հուզական և ֆիզիկական զարգացման վրա: Սակայն հոդվածում արծարծված գաղափարներն ամենևին էլ չեն քարոզում ջերմոցային պայմաններում դաստիարակել երեխաներին, այլ, ըստ էության, իրազեկում են ծնողներին օգնել իրենց երեխաներին դառնալու հուզականորեն ավելի կայուն անհատներ՝ նրանց ապահովելով հուզական կայուն մթնոլորտով, դրական արձագանքով և առողջ փոխհարաբերություններով:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Զադոյան Ա. Մ., Խորհրդատվության դաստիարակչական դերը սովորողների պահվածքի ձեվավորման գործում/ Մանկավարժություն N 1 ՀՅԴ 373  Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 2014, էջ 187:
  2. Մակարենկո Ա.Ս., Գիրք ծնողների համար, Երևան, 1953, էջ 398:
  3. Ибука М., После трех уже поздно: Пер. с англ. — М.: РУССЛИТ, 1991. -96с. http://lib.ru/KIDS/aftertxt (16.02.2018)
  4. Исаченко А., Что такое эмоциональный интеллект и почему он так важен, 2017. http://www.bbc.com/russian/features-40716336 (16.2018)
  5. Сухомлинский В.А. Как воспитать настоящего человека: (Этика коммунистического воспитания). Педагогическое наследие / Сост. О.В. Сухомлинская. М.: Педагогика 1990. — 288 с. стр. 7
  6. Шубович М.М., Семейная педагогика П.Ф. Каптерева и ее потенциал в современных условиях, УДК 37.018.1, 2004, стр.250
  7. Goleman, D., Emotional Intelligence: Why it can matter more than I.Q. New York, 1995, p. 117
  8. Salovey, P., & Mayer, J. D., The intelligence of Emotional Intelligence, 17, 1993, pp. 433-442
  9. Sheffield Morris, A., Silk, J. S., Steinberg, L., Myers, S. S., & Robinson, L. R., The role of the family context in the development of emotional regulation. Social Development16(2), 2007, pp. 361-388