Աննկատ անցավ 2022-ի հունվարը, սակայն դա ամենևին էլ չխանգարեց, որ ձմեռային արձակուրդից հետո ավետիսյանցիները արագորեն մտնեն ուսումնական հունի մեջ, նաև վերագտնեն արտադպրոցական կյանքի ռիթմը:
Շարունակելով ամանորյա տրամադրությունը՝ IIբ դասարանում (դասվար՝ Լ. Սահակյան) ամփոփեցին «Այլընտրանքային տոնածառ», ինչպես նաև «Լավագույն հրաշք տետր» մրցույթների արդյունքները:
VIIա դասարանի դասղեկ Լ. Բախշյանն իր սաներին առաջնորդել էր հետաքրքրաշարժ և գրավիչ ժամանցի կենտրոն: Մի քանի ժամ քվեստի գլուխկոտրուկներ լուծելուց, մտքի ճկունությամբ և հնարամտությամբ ելք գտնելուց և ծագած խնդիրները միահամուռ ուժերով հաղթահարելուց հետո յոթերորդցիներն անձամբ համոզվեցին, թե թիմային խաղն ինչպես է՛լ ավելի մտերմացրեց իրենց, հարթեց տարաձայնությունները, ամրապնդեց ընկերությունը:
Հունվարի պարապմունքում գիտական լուրջ հարցերի մեջ էր խորացել դպրոցի պատանի հետազոտողների թիմը: Ֆիզիկայի ուսուցիչ Ն. Մարգարյանի ղեկավարությամբ օսլայի և յոդի լուծույթներով փորձերն ավարտելուց հետո փոքրիկ գիտնականները շտապեցին տուն՝ մայրիկներին ասելու, որ մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակները թափանցելիության տեսակետից այնքան էլ ապահով չեն, որ դրանց մեջ մթերքը երկար չպահեն: Նրանք նաև հենց դասասենյակում փորձարկեցին ճնշման երևույթները:
Իսկ ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալեցին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դեռլուղյանին, ում կյանքի հարուստ պատմությունից ստացան երկու կարևոր խորհուրդ. երբեք կանգ չառնել և երբեք չվախենալ սխալվելուց:
Եվ անշուշտ, հունվարի ամենակարևոր օրը 28-ն էր՝ հայոց բանակի 30-ամյակի օրը, որը Ավետիսյան դպրոցի մեծից փոքրը նշեցին յուրովի: IIգ դասարանցիները (դասվար՝ Ս. Գրիգորյան) նամակ գրեցին հայոց բանակի զինվորին, սովորեցին զինվորական պատիվ բռնել և խրոխտ քայլել:
Իսկ 11-րդ դասարանցիների հրաձիգների թիմը՝ զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանի ղեկավարությամբ, ԴՕՍԱԱՖ-ի 95-ամյակին և հայոց բանակի 30-ամյակին նվիրված ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի բաց առաջնությունից վերադարձավ հաղթական գավաթով և պարգև ստացած փոքր տրամաչափի հրացանով: