«Գնացեք, տեսեք՝ ով է կերել այծը…»
Ավանդական ծիսական երգով է սկսվում տոնախմբությունը Ավետիսյան կրթահամալիրում: Բեմում են մեր հազարամյա ծիսական տիկնիկները. ոչ մեկը բացակա չէ, քանզի Բարեկենդանի տոնն առանց նրանց պատկերացնելն անհնար է: Ահա՛ Ակլատիզը. նա առաջ է գալիս պարելով: Ահա՛ Երկար Օհանեսն ու Պատանեսը՝ իրենց հավերժական վեճով, որի հաղթողն, ինչպես միշտ, պետք է լինի Պատանեսը, այսինքն՝ պատանին, կյանքը, գարունը, նորը: Ահա՛ դահլիճը երկու խմբի է բաժանվել՝ ոգեւորելով աքլորակռվի ու գոմշակռվի ելածներին, պարանը ձգողներին:
Զվարճախաղերին ընդմիջում չկա. հետո պետք է հնչեն խաղիկներ ու կատակերգեր, թատերախաղեր, պետք է բեմականացվեն հայոց խնամախոսությունն ու հարսանիքը.. Եվ քանի որ ուրախ երաժշտությունը թունդ է հանում մարդկանց հոգիները, պետք է պարեն բոլորը՝ դահլիճում, բեմում, շարքերի արանքներում, միջանցքներում, չէ՞ որ դարեր ի վեր Բարեկենդանը համարվել եւ համարվում է մեր ազգային ամենաերջանկաբեր տոնը, առատության, խնդության, զարթոնքի եւ գարնանամուտի տոնը…
Զուսպ ու քչակեր լինելու հավերժական վեճում ճոխ ուտեստների հովանավոր Ուտիս տատը ի վերջո զիջում է Պաս պապիկին եւ խոստանում մինչեւ Զատիկ թոռներին կերակրել չափավոր ու ոչ յուղալի ուտելիքներով:
Ավետիսյանի կամարների ներքո «զլում են» դհոլն ու զուռնան: Նրանք տոնակատարության մասնակիցներին կանչում են դուրս, եւ Բարեկենդանի տոնը շարունակվում է կրթահամալիրի բակում՝ լարախաղաց-փահլեւանով, երգ ու պարով, ծափ-ծիծաղով, որոնք «վարակում» են նույնիսկ շրջակայքը: Մեծ ու փոքր անտարբեր չեն անցնում հենց միջանցքներում շարված առատ ու ճոխ սեղանների կողքով, որտեղից աչքով են անում Բարեկենդանի ամենահամեղ ուտեստները…
… Երբ կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանն առաջարկեց ավանդական ազգային տոնին այս տարի նոր երանգներ ու պատկերավորություն հաղորդել, նրան անմիջապես ձայնակցեց գրեթե ամբողջ աշխաակազմը՝ նախակրթարանից մինչեւ տարրական օղակ, միջին եւ ավագ դպրոց: Սիրված տոնը ձեւով եւ բովանդակությամբ հարստացնելը պահանջում էր տեւական, պրպտուն եւ տքնաջան աշխատանք, որը ստանձնեցին հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորման անդամները: Նրանց կողքին էին գրեթե բոլոր մյուս գործընկերները: 11-րդ «ա» դասարանը (դասղեկ՝ Լ. Մարգարյան) ապահովեց միջոցառման երաժշտական մասը, հաղորդավարական աշխատանքը, սահիկները: Իրենց օգնությունն առաջարկեցին նաեւ ծնողները: Աշխատեցինք, ինչպես ասում են, ազգովի:
Արդյունքը եղավ Բարեկենդանի անկրկնելի տոնահանդեսը, որը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք՝ հայերս, մեր ամենաազգային այս տոնն իզուր չենք անվանում նաեւ «հայոց ազգի օրեր»:
View this post on Instagram