Ֆոտոռեպորտաժ

Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ժառանգել նախնիներից, ի՞նչ ունեմ աշխարհին տալու, ո՞րն է իմ տեղը կյանքում, ընտանիքում, հայրենի երկրում ու ամբողջ աշխարհում:

IV «բ» դասարանի ուշիմ եւ հետաքրքրասեր փոքրիկները հաճախ այսպես հարցախեղդ են անում ծնողներին եւ ուսուցիչներին ու չեն հանգստանում, մինչեւ չեն ստանում իրենց հուզող անթիվ-անհամար հարցերի պատասխանները:

Այսպես ծնվեց IV «բ»-ի ճանաչողական արշավի գաղափարը: Դասղեկ Նարինե Մելիքյանին համերաշխաբար միացավ ծնողական խորհուրդը՝ Նաիրա Մնացականյանի գլխավորությամբ:

Սկսեցին բանավոր եւ գրավոր փոքրիկ պատմություններից՝ յուրաքանչյուրն իր մասին, իր ընտանիքի եւ տան, բակի ու դպրոցի, դասարանի եւ դասընկերների, թաղամասի ու քաղաքի մասին: Արշավի սահմաններն ընդարձակվեցին օրեցօր ու շաբաթից շաբաթ.

˗ Անմոռանալի շրջայց սիրելի մայրաքաղաքում, ավարտին՝ լուսանկար Սասունցի Դավթի արձանի մոտ:

˗ Էքսկուրսիա դեպի Գառնիի հեթանոսական տաճար, իսկ որպես շարունակություն՝ այց Գառնիի ջրերի գործարան, վերադարձին՝ դադար հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի սիրած վայրում՝ Չարենցի կամարում:

˗ Մի հիշարժան օր ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում, ծանոթացում հայրենի երկրի ընդերքի անհուն գանձերին ու բնագունեղ քարերին, հրաժեշտից առաջ՝ լուսանկար նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքի հետ:

˗ Սիրելի մայրաքաղաքի ներկայի եւ անցյալի ուսումնասիրություն Եր եւանի պատմության թանգարանում:

˗ Դասական երաժշտության երեկո «Արամ Խաչատրյան» դահլիճում:

˗ Հիացումի ժամեր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, հենց տեղում՝ ստեղծագործական աշխատանք «թեյնիկների աշխարհում», շարունակությունը՝ արդեն դասարանում…

Բնություն, պատմություն, գիտություն, արվեստ… Չորրորդցիները հարստանում, նաեւ մեծանում են՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները: Սակայն ամեն մի նոր բացահայտման հետեւից անմիջապես ծնվում է նոր հարց, նոր որոնում: Ինչքան շատ բան են իմանում, այնքան նոր հարցեր են ծնվում: Այնպես որ՝ հայրենաճանաչության գործընթացը շարունակվում է: