Ուզում եմ իրավաբան դառնալ
Տնտեսագետ, ծրագրավորող, գործարար, բժիշկ, հոգեբան, կառավարիչ… Մասնագիտական կողմնորոշման նպատակով ամբողջ ուսումնական տարվա ընթացքում Ավետիսյան դպրոցի ավագ դասարանների աշակերտները հանդիպումներ էին ունենում տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանում նրանց կենսափորձին, լսում խորհուրդներ, պատասխան ստանում իրենց հուզող հարցերին:
Իսկ մայիս ամսվա մեր հյուրն էր իրավաբանը՝ LegalLab իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Մերի Օհանյանը: Քաղաքացիական, աշխատանքային, վարչական եւ կորպորատիվ գործունեությամբ զբաղվող փաստաբանը ուշագրավ մանրամասներ ներկայացրեց փաստաբանական գործունեության՝ արտաքուստ չերեւացող, սակայն մասնագիտության համար հույժ կարեւոր կողմերի մասին՝ մասնագիտական էթիկայից մինչեւ մրցակցություն, ընտրություն, պատասխանատվություն եւ հեղինակություն:
Հանդիպումից երեւաց, որ քիչ չեն իրավաբանի մասնագիտության մասին երազող պատանի ավետիսյանցիները:
Զրույցը շատ հետաքրքիր էր, եւ, բնականաբար, բարձրդասարանցիներն ունեցան բազմաթիվ հարցեր: Տիկին Օհանյանը փորձեց բավարարել նրանց հետաքրքրությունը եւ տալ հնարավորինս սպառիչ պատասխաններ: