Գիժ ամիս մարտը դույզն-ինչ չխաթարեց Ավետիսյան դպրոցի արտադասարանական և արտադպրոցական ծրագրերը. ընդհակառակը, ամբողջ ամսվա ընթացքում մեր «զարկերակը խփում էր», կարելի է ասել՝ գարնանային եռանդով:
Եվ այսպես, ի՞նչ հասցրին անել գարնան առաջին ամսին ավետիսյանցիները դասերից դուրս.
- «Կողմնացույց» կազմակերպության և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած նախագծային ծրագրերի շնորհանդեսից Ավետիսյան դպրոցի թիմը վերադարձավ հաղթողի դիպլոմով (հարցազրույցը՝ շուտով).
- յոթերորդ և ութերորդ դասարանցիները, հետևելով ավագ դպրոցի աշակերտներին, «երեք սերունդների աչքերով» դիտեցին Ռ. Մուշեղյանի «Գարուն ա…» գեղարվեստական ֆիլմը պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության ևհայրենասիրության մասին.
- հինգերորդցիները Հ. Պարոնյանի անվան թատրոնում դիտեցին Շ. Պերրոյի հեքիաթի հիման վրա ստեղծված «Կոշկավոր կատուն» մյուզիքլը.
- վեցերորդ և չորրորդ դասարաններն այցելեցին Մատենադարան, ինչպես նաև «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան.
- վերջին և վճռական՝ վոլեյբոլի մրցումով որոշվեց «Առողջ ապրելակերպ և ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում անցկացված «Սպորտլանդիայի» հաղթողը՝ 9-րդ դասարանի թիմը.
- մաթեմատիկական հնարամտության մրցույթում երեք հինգերորդ դասարանների ուժերն այնքան հավասար էին, որ միայն վերջին րոպեին որոշվեց հաղթողը՝ 5-րդ «ա»-ն:
- ութերորդցիները Վարդանանց տոնի առթիվ «Քոչարիով», բեմականացմամբ ու տեսաֆիլմերով մեծարեցին մեր ազգային ազատամարտի ջահակիրներին.
- լոթերորդցիները անմոռանալի ժամանց անցկացրին «Փոքրիկ Էյնշտեյն»-ում.
- «Քվեստ» սենյակում յոթերորդցիները մարզեցին միասնաբար աշխատելու, տրամաբանական լուծումներ գտնելու իրենց ունակությունները.
- երրորդցիները Էրեբունիի պատմության թանգարանում խորացան մեր քաղաքի դարավոր պատմության ոլորաններում.
- «Սիթիզեն» մասնագիտությունների քաղաքում երրորդցիները մոտիկից ծանոթացան կանքի տարբեր ոլորտների.
- պատանի հետազոտողների ակումբը նոր գիտափորձեր արեց և նույնիսկ կարողացավ A4 ձևաչափի թղթի մեկ թերթիկից ստացված շերտագծի մեջ տեղավորել գրեթե ամբողջ դասարանը.
- դպրոցի հոգեբանը զրույցի հրավիրեց երիտասարդ մայրերին և նրանց հետ հանգամանորեն քննարկեց երեխայի խոսքի զարգացման զգայուն փուլերն ու և դրանց վրա հեռախոսի, համակարգչային խաղերի, մուլտֆիլմերի ազդեցությունը:
- իսկ ամսի ճիշտ կեսին՝ մարտի 15-ին, նահանջող ձմեռը անսպասելիորեն տեղաց իր վերջին ձյունը, և դպրոցի արդեն կանաչած մարզադաշտում երեխաները կանգնեցրին վերջին հսկա ձնեմարդը.
Հասկանալի է, որ այդ ամենը կատարվում էր դասղեկների և առարկայագետ ուսուցիչների (Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան, Վ. Պողոսյան, Ժ. Թահմազյան, Ն. Մելիքյան, Մ. Հարությունյան, Կ. Կյուրեղյան, Մ. Ուստյան, Ա. Օհանյան, Ռ. Մարգարյան, Ն. Հովհաննիսյան, Լ. Բախշյան, Զ. Ավետիսյան, Ա. Սալնազարյան, Ն. Գրիգորյան, Լ. Մարգարյան, Ն. Մարգարյան, Ա. Խաչատուրյան և ուրիշներ) անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
Անշուշտ, մեծ էր նաև ծնողական հանրության օժանդակությունը: