Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է: Դա շա՜տ լավ գիտեն Ավետիսյան դպրոցի սաները: Այս տարի այդ օրվան հատկապես լուրջ էին նախապատրաստվել վեցերորդցիները. մայրենի լեզվին նվիրված խոսուն պաստառներից բացի նրանք պատրաստել էին նաև լեզվական խոտորումների և նրանց հայերեն ճիշտ ձևերի թռուցիկներ, որոնք բաժանեցին ծանոթ և անծանոթ մեծահասակների՝ հորդորելով մաքուր պահել մեր լեզուն, չաղավաղել այն օտար և ժարգոնային բառերով:
Ստացվել էր ընդամենը 84 թռուցիկ, բայց երեխաներն անչափ ուրախ ու ոգեշնչված էին. չէ՞ որ իրենց շնորհիվ 84 մարդ իր հետ տուն տարավ մեկ հայերեն գեղեցիկ բառ:
Ի դեպ, երկու օր առաջ էլ՝ փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, նույն երեխաները իրենց ձեռքով պատրաստած բառարան-գրքույկներ նվիրեցին տարրական դպրոցի սաներին:
Նկարներում՝ մայրենի լեզվի փոքրիկ պաշտպանները (6-րդ «ա» և 6-րդ «բ») և նրանց «Մաքուր պահենք մեր լեզուն» թռուցիկները: