«Դու ես քո հողի զինվորն ու արքան,
Այն պիտի պահես ցանկացած գնով»:
Քաջալերանքի այս ոգեշունչ տողերը, որ հնչեցրեց տասներորդցի Արտյոմը, ասես մի մոգական զորությամբ իշխեցին ներկաների սրտերին…
Մեր բանակի 34-ամյակին նվիրված միջոցառման առաջինից մինչեւ վերջին րոպեն Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճում չթուլացավ հայրենասիրությամբ տոգորված մթնոլորտը:
Մեր չնաշխարհիկ Հայոց աշխարհի քարոտ հողի եւ հողոտ քարի, մեր պատմության քառուղիներով անդուլ քայլած անձնազոհ հայ զինվորի խնկարկումն էր, որ ավագ դպրոցի աշակերտների մարմնավորմամբ իրականացրել էին դպրոցի կազմակերպական աշխատանքների գծով փոխտնօրեն Նարինե Թունյանը եւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նվարդ Գրիգորյանը:
Միջոցառումն ավելի ճիշտ կլիներ անվանել փառաբանություն: Ամեն, ամեն ինչ կար բեմում՝ ձոն քաջն Վարդան Մամիկոնյանին՝ իր նիզակակիցներին ուղղված հայտնի կոչով, որը Տղմուտի ափերից հայ զինվորին հասցրեց մինչեւ Սասուն, զինվոր, որ ոտքի ելավ Սարդարապատի զանգերի կանչով ու զինավառվեց Գարեգին Նժդեհի հավատամքով: Դա ներբող էր սպարապետ Վազգենից ու մեր բանակի ակունքներից մինչեւ նորօրյա ազատամարտի հերոսների երկրին…
Հայը հայ է, որտեղ էլ որ նա լինի,
Այս մի բուռ երկիրն է հայրենիքը նրա:
Աշխարհում Հայաստան չսիրող հայ չկա
Հայրենիքին, բանակին ու զինվորին նվիրված երգերով ու շուրջպարերով հագեցած բեմականացումը հուզումնալից ու արցունքախառն բազմաթիվ պահեր պարգեւեց ներկաներին:
Հուզիչ ու սրտագին էին նաեւ դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ՀՀ ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանի ելույթները:
Ավանդույթի համաձայն՝ հանդեսի ավարտին Ավետիսյան դպրոցի զինղեկ, գնդապետ Եփրեմ Մազմանյանը հրապարակեց ՀՀ Զինված ուժերի 34-ամյակին նվիրված հրաձգության մրցույթի հաղթողների անունները: Նրանց, ինչպես նաեւ ռազմական գործի գերազանցիկներին եւ մի խումբ մանկավարժների հանձնվեցին գովասանագրեր եւ պատվոգրեր: Իսկ տիկին Մ. Գեղամյանը իր շնորհալի սաներին նվիրեց իր վերջին գիրքը՝ «Սեր իմ Արցախ» բանաստեղծությունների ժողովածուն:
Հանդեսն ավարտվել էր, բայց միասնականության տրամադրությունը դեռ բոլորին պահում էր դահլիճում: Իսկ բարձրախոսից շարունակում էին հնչել սիրված երգի սիրված բառերը՝
«Մենք մի զարկն ենք քո բազկի…»
Միջոցառումից անմիջապես հետո կրթահամալիրի ավտոբուսն ուղղություն վերցրեց դեպի Եռաբլուր պանթեոն: Պատանի դերասաններն իրենց ուսուցիչների առաջնորդությամբ Ավետիսյան դպրոցի անունից ծաղկեպսակ խոնարհեցին հերոսների հիշատակին՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
