Արդեն 10 տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը, որի ուշադրության առանցքում ոչ ֆորմալ կրթությունն է: Վերջերս Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները «Բնօգտագործում» առարկայի ծրագրի շրջանակներում իրենց ուսուցչուհի Քրիստինե Գևորգյանի ղեկավարությամբ այցելեցին էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, որտեղ իրականացվում են կիրառական և հիմնարար ուսումնասիրություններ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, սննդի անվտանգությանը, գյուղատնտեսության և բնապահպանության այլ ոլորտների:
Ավետիսյան դպրոցի բնապահպանների պատվիրակներին ջերմորեն ընդունեց կենտրոնի տնօրեն Լ. Սահակյանը և իր գործընկերների հետ մեկտեղ նրանց ծանոթացրեց կենտրոնի՝ բնապահպանական ոլորտին առնչվող գիտական հետազոտություններին, հեռազննման և տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ օդատիեզերական մեթոդի կիրառման հմտություններին: