Թեկուզ օտարագիր լինես (մերօրյա արձակագիր Մարկ Արենը ստեղծագործում է ռուսերենով), եթե հոգով հայ ես, դա անհնար է թաքցնել. քո հայկականությունը դուրս կցայտի, կբխի ու կժայթքի քո ամեն մի բառի ու վերջակետի տակից: Հիշենք մեծն Սարոյանին…
Այդպիսին է նաեւ Մարկ Արենը (Կարեն Մարգարյան): Նրա «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր կամ անատոլիական պատմություն» վեպի եւ «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակի էկրանավորումն արդեն խոսում է հեղինակին հուզող բարձրագույն արժեքների համամարդկային լինելու մասին:
Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցեց գրողը Ավետիսյան դպրոցի սաների եւ մանկավարժների հետ: Հանդիպումը տպավորիչ էր, շատ պատանիների համար՝ խանդավառող: Մարկ Արենը չթաքցրեց, որ իր համար իդեալական ուսուցիչը աշակերտի անհատականությունը չճնշող ուսուցիչն է, եւ նույնը խորհուրդ տվեց ներկա մանկավարժներին: Իսկ երեխաների այն հարցին, թե լինելով ճարտարագետ եւ տնտեսագետ, նա ի վերջո ինչպես դարձավ գրող, մեր հյուրը պատասխանեց.
— Մարդ կարող է տաղանդավոր լինել կյանքի տարբեր բնագավառներում, նա կարող է լինել տաղանդավոր նկարիչ, տաղանդավոր կոմպոզիտոր, տաղանդավոր մարզիկ… Սակայն կյանքում կա ավելի կարեւոր մի բան. դա տաղանդավոր Մարդ լինելն է: Դուք, ինչքան կարող եք, զարգացրե՛ք ձեր մեջ մարդկային լավագույն հատկությունները եւ կտեսնեք, թե ինչպես ինքնաբերաբար կգտնեք ձեր տեղը կյանքում:
Թեեւ Մարկ Արենի հյուրընկալությունը նախատեսվել էր դպրոցի «Գրական վերնատան» կողմից (ղեկավար՝ Լ. Բախշյան), սակայն մասնակցեց գրեթե ամբողջ դպրոցը: Այժմ
«Վերնատուն»-ականները սպասում են նոր հանդիպման՝ ակնկալելով պատասխաններ ստանալ իրենց հուզող գրական-ստեղծագործական հարցերին: