ԵՐԵՎԱՆ-2803

Երևանի անցյալը, ներկան ու ապագան, ասես միաձուլված, սփռվել էին պատանիների հիացական հայացքների ներքո:

Միշտ հին ու նոր Երևանի թանգարանում

Մայրաքաղաքի տարեդարձին էր նվիրված Ավետիսյան դպրոցի 8-րդ «ա» դասարանի էքսկուրսիան դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան: Դասղեկ Նարինե Մելիքյանի հետ նրանք շրջեցին թանգարանի սրահներով, դիտեցին թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները, հնագիտական հավաքածուները, բազմաթիվ այլ առարկաներ, որոնք խոսուն վկան են մեր մայրաքաղաքի հարուստ հնագույն անցյալի, արտացոլում մեր ժողովրդի բազմադարյա մշակույթը, հոգևոր կյանքն ու գեղարվեստական բարձր ճաշակը: Պատանի ավետիսյանցիները ուշիուշով լսում էին թանգարանի աշխատակցի բացատրությունները, նրան ուղղում տարաբնույթ հարցեր:

Ինչպես և ակնկալվում էր, հատկապես ուշագրավ էր հին Երևանի մանրակերտը, որի համայնապատկերը պատանիներին տարավ 100 տարով ետ՝ շրջելու հին մայրաքաղաքի թաղամասերով ու փողոցներով, տեսնելու նրա եկեղեցիներն ու այգիները: Երևանի անցյալը, ներկան ու ապագան, ասես միաձուլված, սփռվել էին պատանիների հիացական հայացքների ներքո:

Երևանի քաղաքապետարանում ութերորդցիներին սպասում էր ևս մեկ հաճելի անակնկալ. նրանց այցը համընկավ գեղանկարիչ Սուրեն Խորենյանի գործերի ցուցահանդեսի բացման հետ: Անվանի նկարիչ Վահան Խորենյանի և սիրված երգչուհի Ֆլորա Խորենյանի որդին՝ Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ընկերակցության անդամ Սուրեն Խորենյանը «Ծաղիկներ» խորագրով իր այս ցուցադրությունը նվիրել էր մեր հերոսների հիշատակին: