Մեր հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանի առօրյան լեցուն է պատանի ավետիսյանցիների այցերով, նրանց հետ անկեղծ զրույցներով, ալեկոծված փոքրիկներին խաղաղեցնող հոգեբանական նրբանկատ, արդյունավետ խորհուրդներով:

Ամենօրյա աշխատանքին զուգընթաց՝ Ա. Խաչատուրյանը ուսումնական տարվա սկզբից ցայսօր իրականացնում է պարբերական հանդիպումներ ծնողական հանրության հետ, սեմինար-քննարկումներ՝ նպատակաուղղված տարիքային տարբեր խմբերի խնդիրների լուսաբանմանը:

Տարեսկզբյան քննարկումը նվիրված էր նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային առանձնահատկություններին, վարքային խնդիրներին,եւ երեխաների իմացական ոլորտի վրա տեխնոլոգիական սարքերի ազդեցությանը։

Հաջորդ սեմինար-քննարկման թեման էր «Կրտսեր դպրոցական տարիքի առանձնահատկությունները, բուլինգը՝ որպես կարեւոր խնդիրներից մեկը, եւ այդ տարիքային խմբի վրա տեխնոլոգիական սարքերի ազդեցությունը ֆիզիկական եւ հոգեբանական տեսանկյունից»:

Իսկ միջին դպրոցի աշակերտների ծնողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան մանկավարժը ներկայացրեց դերահասության տարիքի հիմնախնդիրները, «ծնող-երեխա-դպրոց» եռանկյունու համատեղ աշխատանքի կարեւորությունը, անշուշտ, նաեւ 21-րդ դարի տեխնոլոգիական սարքերի ազդեցությունը երեխաների ֆիզիկական եւ հոգեբանական առողջության վրա։

Այդ սեմինար-քննարկումների ընթացքում ծնողներն անկեղծորեն խոսում են իրենց հուզող հարցերի մասին, հոգեբան մանկավարժից ստանում անհատական գործնական խորհուրդներ:

Ապրիլին նախատեսվում է նոր հանդիպում, եւ այս անգամ բարձրաձայնվելու են ավագ դպրոցական տարիքի հոգեբանական խնդիրները, իսկ դրանք, ինչպես գիտենք, բազմազան են եւ շատ նուրբ: Այնպես որ սպասվում է բուռն, բայց անկեղծ եւ արդյունավետ հանդիպում-քննարկում: