Ավետիսյան դպրոցի հարգելի՛ աշխատակիցներ,
Թույլ տվեք բոլորիս շնորհավորել մեր երկրորդ շրջանավարտներին կյանք ճանապարհելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բոլորիդ շրջանավարտությանը նվիրված միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Այսօր մեզնից յուրաքանչյուրը մտածում է մեր կրթական համակարգը բարեփոխելու մասին, և դա շատ ուրախալի է: Կարծում եմ, որ մեզ՝ մանկավարժներիս, անհրաժեշտ է կիրառել մի այնպիսի աշխատաոճ, որով աշակերտի ուղեղը վարժվի դատելուն, մտածելուն, այլ ոչ թե միմիայն գիտելիքներ պահեստավորելուն:

Եթե մենք չշահագրգռենք երեխային և նրա մեջ չխթանենք գիտելիք կառուցելու հմտությունները, ապա ուսուցումը կնույնացվի սոսկ գիտելիքի փոխանցման և հետ վերադարձի, այսպես ասած, «տուրևառ»-ի հետ: Այդ դեպքում երեխաները կդադարեն սովորել՝ սկսած այն պահից, երբ այլևս իրենց գիտելիք փոխանցողներ չեն լինի, այսինքն՝ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Ըստ իս, դրանով առնվազն կձախողվի մարդ-անհատի, քաղաքացու՝ ամբողջ կյանքի ընթացքում սովորելու և արարելու բնական ձգտումը:

20-րդ դարի հայտնի ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտն ասել է. «Ինչ ուզում ես դարձիր, միայն թե քո ոլորտում ճարտարապետ եղի՛ր»:
Եկե՛ք կարևորենք մեր մասնագիտությունը և աշխատենք հանուն նոր Հայաստանի:

Եվս մեկ անգամ շնորհակալություն: