Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչնե՛ր, անկախ նրանից, որ ուսումնական տարվա առաջին զանգը կհնչի սեպտեմբեր 14-ին՝ համաճարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներով, մարդկությունը միշտ կարեւորել է եւ 21-րդ դարում առավել ևս կարեւորում է գիտելիքը, ջանում այն օգտագործել ի բարօրություն հասարակության եւ մոլորակի մտավոր զարգացումը ներդաշնակեցնել հոգեւոր եւ մարմնական առողջությանը, կյանքում առաջնորդվել սիրո եւ համագործակցության մղումներով, որ մեր երեխաները վայելեն գիտության երջանկությունը, եւ ոչ թե դառնան նրա զոհերը:

Այո՛…. Նորից եկավ սեպտեմբեր, նորից աշնանամուտ է: Շնորհավորում եմ բոլորիդ նոր՝ 2020-2021 ուսումնական տարվա առթիվ, որը թևակոխում ենք` դարձած ավելի տոկուն, սեփական ուժերին ավելի վստահ:

Սեպտեմբերը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է:

Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում տարրական դպրոցի շեմին: Այս սեպտեմբերը թող դառնա նրանց լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը:

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:

Հարգելինե՛րս, Ավետիսյան կրթահամալիրի ուսուցչական աշխատակազմը մինչև այս պահը անմնացորդ նվիրվածությամբ աշխատել է, որպեսզի այսօր մենք բարձր տրամադրությամբ ողջունենք ձեզ մեր կրթօջախում:

Որպես խթան նոր ուսումնական տարվա աշխատանքային տրամադրության` ուզում եմ խոսել նախորդ ուստարվա մեր ձեռքբերումների մասին:

Տարեկան արդյունքների ամփոփման տվյալներով դպրոցի գերազանց առաջադիմությամբ սովորողների թիվը 72 է, նրանցից 2-ը 12-րդ դասարանցիներ էին:

Մեր 16 շրջանավարտներից 14-ը հաջողությամբ հանձնել են միասնական քննություններ: Ավարտական քննությունների ընթացքում անբավարար արդյունք չի գրանցվել:

Պետական բուհեր են ընդունվել բոլոր մեր շրջանավարտները:

Թող այս ուսումնական տարին ևս լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները որակյալ կրթությամբ են դնելու ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը:

Հարգարժա՜ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անհատի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:

Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում և ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը մեր սաների համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման լայն ճանապարհ: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով և սովորելու անսպառ ցանկությամբ:

Հետեւենք ՀՀ պարետի եւ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի մնանք առողջ եւ վերադառնանք բնականոն ուսումնական կյանքի:

Սիրելի՛ դպրոցականներ, անհրաժեշտ է, որ դուք նախևառաջ իմանաք ձեր սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունը, հպարտանաք մարդկային քաղաքակրթության մաս կազմող մեր հարուստ անցյալով և միշտ հիշեք, որ ձեր հայրենիքը Հայաստանն է, և ձեր ապագան պետք է կերտվի Հայաստանում, ձեր հայրենանվեր գործով, ձեր մտքի, տաղանդի ուժով, ստեղծագործ, արարող աշխատանքի շնորհիվ: Հիշե՛ք. իր հողի վրա ամուր կանգնած մարդու առջև բաց են լայնարձակ աշխարհի բոլոր հորիզոնները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեզ բոլորիս ցանկանում եմ անամպ երկինք, անձնուրաց նվիրվածություն մեր ազատ ու անկախ հայրենիքի հզորացման գործում, հետաքրքիր հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի տարի, ուժ, կորով և առողջություն այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Բարի՛ երթ և բազում հաջողություններ նոր՝ 2020 — 2021 ուսումնական տարում:

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.