Սիրելի՛ մանկավարժներ, իմ հերո՛ս տղաներ, ներկայիս աշակերտնե՛ր, ծնողնե՛ր
Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենագլխավոր օրն է: 31 տարի առաջ ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու հաստատուն կամքով «այո՛» ասացինք մեր երկրի անկախությանը:
31 տարի, հաղթահարելով դժվարություններ ու զրկանքներ, աշխարհին ապացուցեցինք անկախ ապրելու մեր իրավունքը: 31 տարի առաջ գիտակցված ընտրություն կատարեցինք եւ ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում: Այսօր էլ պատասխանատու ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ժողովրդի համար: Այսօր էլ պարտավոր ենք աշխարհին ապացուցել ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի կամքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը:
«Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը առ ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը:
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա՛ է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծամեծ հակառակորդների դեմ: Նա եղել է եւ է՛ այսօր միակ ապավենը մեզ նման փոքր ժողովուրդների». սա՛ է պատգամել մեզ Գարեգին Նժդեհը, եւ այսօր առավել, քան երբեւէ արդիական է այս պատգամը բոլորիս համար՝ մեծից փոքր, աշակերտից մինչեւ մանկավարժ:
Սեպտեմբերի 21-ը օրն է մեր հերոսապատումի վերապրումի, Եռաբլուրում եւ ամենուր խնկարկումների ու ոգեկոչման:
Սիրելինե՛ր, մեր ապագան մեր ձեռքերում է, ուրեմն չթեւաթափվե՛նք եւ շարունակե՛նք արարել հանուն մեր սերունդների:
Մելանյա Գեղամյան