Հարգելի ավետիսյանցիներ, կոլեգաներ
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:
Հոգեւոր մեծ ուժ ու եռանդ են պարունակում կյանքի այն տարիները, որ դուք նվիրում եք դպրոցին ու ձեր սաներին Հայաստանի համար այս դժվարին օրերին: Վեր կանգնելով բոլոր խնդիրներից` դուք անշեղորեն շարունակում եք գիտելիք հաղորդելու, բարին, մարդկայինն ու հայրենանվերը սերմանելու ձեր առաքելությունը: Վստահ եմ` դպրոցը մեր պետության ու ժողովրդի ապագան կերտող կարեւորագույն օղակն է:
Սիրելի ուսուցիչներ, այն, ինչ դուք կարողանում եք փոխանցել աշակերտին, հասնում է նաեւ նրա ընտանիք, հետեւաբար դուք անուղղակիորեն մասնակից եք դառնում նաեւ ընտանեկան միջավայրին` կամրջելով դպրոցն ու ընտանիքը, խորհրդանշելով այդ երկու կարեւորագույն արժեքների նշանակությունը, արժեքներ, որոնք յուրաքանչյուր պետության հիմքն են, անհրաժեշտ նախապայման յուրաքանչյուր ժողովրդի գոյության համար, արժեքներ, որոնք մշտապես ուղեկցում են մեզ` ապահովելով մեր յուրահատուկ նկարագիրը եւ երաշխավորված ընթացքը:
Մենք, անշուշտ, արդեն ունենք տեսանելի արդյունքներ, բայցեւ դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:
Այսօրվա տոնն ամենապատեհ առիթն է մեծարանքի խոսքեր հղելու մեր ուսուցիչներին, խոնարհվելու բոլորիդ վաստակի առջեւ: Համոզված եմ` դա այն նվազագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով:
Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ անթաքույց երախտագիտություն` բոլոր սաների աչքերում:
Ավետիսյան դպրոցի տնօրեն,
մ.գ.թ. Մելանյա Գեղամյան