Իններորդ թողարկում
Ծափողջույնների ներքո ՀՀ եւ Ավետիսյան դպրոցի դրոշների հանդիսավոր ներսբերում, 36 շրջանավարտների շարքի մուտք դահլիճ: Իններորդ անգամ կրկնվեց շրջանավարտությանը նվիրված հանդիսության այս ոգեշունչ սկիզբը Ավետիսյան դպրոցում: Սակայն ինչպես ամեն անգամ, ընդհանուր էին միայն հուզմունքն ու սերը, եւ տարբեր էին թեւածող խոսքն ու ասելիքը: Անշուշտ, հարուստ էր եւ հարգարժան հյուրերի կազմը:
Մտովի վերապրե՛նք այդ անմոռաց օրը:
Թող երազանքը դառնա ձեր նավի առագաստը
Այս մաղթանքով սկսեց իր բարի երթի խոսքը դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, ապա շարունակեց. – Երազանքը ծնում է հավատ եւ ուժեր: Բոլոր հաջողակ մարդիկ սկսել են երազանքից: Գնացե՛ք ձեր երազանքին ընդառաջ: Հավատարի՛մ մնացեք ձեր երազանքին: Մի՛ թուլացեք, մի՛ ծուլացեք, մի՛ վարանեք: Գնահատե՛ք ուսումը, աշխատանքն ու իմաստնությունը: Մեր տասնյակ նախորդ շրջանավարտների նման պիտանի՛ դարձեք հայրենիքին, հիշե՛ք՝ կյանքի բոլոր ոլորտներում մեր երկրին անհրաժեշտ են որակյալ մասնագետներ: Սիրե՛ք հայրենիքը, արդարացրե՛ք մեր անմահների հույսերը: Եվ թող երկինքը միշտ անամպ լինի ձեր գլխավերեւում:
Դուք պետք է դառնաք մեր դեսպանները
– Կերտել լավ մարդ՝ ճիշտ արժեքներով եւ հոգեւոր սկզբունքներով: Այս է AMAA-ի առաքելությունն ու նպատակը: Ընկերակցության ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում նրա հիմնասյունը եղել է եւ շարունակում է լինել կրթությունը, ինչի վկայությունն է նրա գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում եւ ամենախոսուն մարմնավորումը՝ ձեր դպրոցը,- այսպես դիմեց շրջանավարտներին AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը: Նա շատ կարեւոր հաղորդում տվեց նաեւ AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տեսլականի, ապագա ծրագրերի, նոր գործընկերների եւ հեռանկարների մասին: – Սակայն մեր բոլոր ծրագրերը թերի կմնան, եթե դուք,սիրելի՛ շրջանավարտներ, ձեր բաժինը չանեք այդ գործում, − ավելացրեց Ա. Դեյիրմենջյանը.− դուք պետք է դառնաք մեր դեսպանները նոր եւ առողջ հասարակություն կրթելու ճանապարհին:
«Սա միայն սկիզբն է. Աստված օրհնի ձեզ»
Արեն Դեյիրմենջյանը նաեւ ընթերցեց Ավետիսյան դպրոցի համահիմնադիր, երջանկահիշատակ բարերար Էդ. Ավետիսյանի այրու՝ Փամելա Ավետիսյանի ողջերթի նամակը, որով նա մաղթում էր Էդ. Ավետիսյանի օրինակով, անկախ նյութական վիճակից, մշտապես օգտակար լինել ուրիշին: Իր նամակը Փամելա Ավետիսյանն ավարտել էր հետեւյալ բառերով. «Շրջանավարտությունը միայն սկիզբն է: Գնահատելով ձեր ուսուցիչների նվիրումն ու ներդրումը՝ շարունակե՛ք աշխատել եւ մի օր կտեսնեք, որ դուք եւս ի վիճակի եք ազդելու մի այլ մարդու կյանքի վրա: Շնորհավորում եմ, Աստված օրհնի ձեզ»:
Օրվա բանախոսը
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն էր: − Երբեք եւ ոչ մի դեպքում չվախենաք ձախողվելուց: Փորձե՛ք հասկանալ, որ յուրաքանչյուր ձախողում քողարկված հաջողություն է, մի՛ հուսահատվեք, այլ պարզապես իմացեք, որ դուք ոչ թե ձախողել եք, այլ մի բան ավելի եք սովորել:
Լարիսա Հովհաննիսյանի այս խորհուրդները մերկապարանոց չէին. դրանց հիմնավորումը նրա անցած ճանապարհն էր, որը նա ներկայացրեց համառոտ: − Այս ամենը չէր լինի,- ամփոփեց նա իր ասելիք,- եթե ամեն դժվար պահի ես հուսահատվեի: Չէին լինի այսօրվա 150 դպրոցն ու 30. 000 աշակերտը, որոնց կարողանում ենք օժանդակել կրթության ոլորտում: Ահա թե ինչու եմ ասում՝ մի՛ խուսափեք սխալվելուց, ապրե՛ք ձեր կյանքը: Սխալները դեպի հաջողություն տանող ճանապարհի մասն են, կյանքի բաղադրիչը:
Վալեդիկտորական խոսք
Շրջանավարտներ Եղոյան Մանեի եւ Հարությունյան Վահագնի ելույթները ներշնչված էին երախտագիտությամբ դեպի դպրոցը, ուսուցիչներն ու Ավետիսյան դպրոցի բարերարները, լեցուն՝ կյանքի շեմին պատանիներին տոգորող երազանքներով: Իրենց անկեղծությամբ Մանեն եւ Վահագնը ներկաների, նույնիսկ անծանոթների մեջ խորին հարգանք առաջացրին նրանց կրթած ուսուցիչների հանդեպ:
Գեղեցիկ սկզբի գեղեցիկ ավարտ
Շրջանավարտները մեկ առ մեկ բարձրացան բեմ՝ ծափերի ներքո ստանալու իրենց ավարտական հավաստագրերը: Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի առաքելական օրհնությանը միացավ հոտնկայս դահլիճը: Հաղորդավար Քրիստինը Սիմոնյանը, ով սահուն անցումներով ներդաշնակեց ելույթները եւ հանդիսության «գեղարվեստական» հատվածները՝ կարճ, բայց խոսուն ֆիլմ կրթօջախի մասին, դպրոցի բարեկամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գողտրիկ համերգը, ազդարարեց արարողության ավարտը:
Քիչ անց երկնքում ճախրում էին Ավետիսյան դպրոցի իններորդ շրջանավարտների երազանքների ճերմակ փուչիկները: