«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի մշտական անշեղ նպատակներից է, բացի հարուստ գիտելիքներ հաղորդելուց և ժամանակակից լայն աշխարհայացք ձևավորելուց, իր սաներին ներարկել ազգասիրության, ազգապահպանության և հայրենասիրության ոգի, հարգանք ազգային ավանդույթների հանդեպ: Դրան են ծառայում այստեղ պարբերաբար կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումները: Կրթահամալիրի կամարների տակ՝ 350-տեղանոց դահլիճում անցկացվող տարբեր հանդեսներում հնչում են հայրենիքին և հայոց բանակին նվիրված ոգեշունչ երգեր, ցուցադրվում են հայրենասիրական տեսաֆիլմեր և հոլովակներ, իրականացվում բեմադրություններ, գործում է պատանի երկրապահների ակումբը, պարբերական են այցերը Եռաբլուր… Մանկապարտեզից մինչև բարձր դասարաններ նպատակաուղղված աշխատանքը չի թուլանում ոչ մի րոպե:

Այս առումով կրթահամալիրի համար յուրահատուկ ամիս է ապրիլը՝ Մեծ եղեռնի մեկուկես միլիոն զոհերի ոգեկոչման, հոգեկան տուրքի և խոնարհումի ամիսը:

Բացառություն չեղավ (և չէր էլ կարող լինել) նաև 2016 թվականը: Ապրիլի 20-ի արևոտ կեսօրին, չխախտելով տարիների տասնամյա ավանդույթը, «Հայ կրթության» աշխատակազմը, դպրոցի աշակերտները և մանկապարտեզի սաները՝ ընդհանուր թվով շուրջ 450 հոգի, բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ նահատակներին, խոնարհվելու նրանց հիշատակի առաջ: Անմար կրակի շուրջը, կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանի առաջարկով հայտարարվեց լռության րոպե, որից հետո խմբաձայն ասվեց «Հայր մերը»: Հավերժական կրակի շուրջը դնելով իրենց ծաղիկները՝ նրանք նույն զսպվածությամբ ու կարգով շարժվեցին դեպի իրենց ավտոբուսները: