Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2024 թ. դեկտեմբերի 15-ին լույս տեսած համարում։
Համալսարան-դպրոց
Մելանյա Գեղամյան․ կին, բանական արարած, որ, ինչպես ինքն է գրում, «ապրում է մտոք, տոհմիկ դաստիարակության ավանդույթներով, հոգեկուլ ախտերից եւ մոլորություններից հեռու»։
Ավետիսյան դպրոցի տնօրենին բացահայտում եմ առաջին իսկ հայացքից․ առինքնող կեցվածքով, հետաքրքիր ու հարուստ ներաշխարհով Մելանյա Գեղամյանը կրթության գործի նվիրյալ է, ով Ավետիսյան դպրոցին հոգի ու շունչ է տալիս։ Բարեգործական հիմունքներով աշխատող այս դպրոցում ամեն օր լույսի տոն է՝ լուսավոր ու մաքրամաքուր, ներքին կարգ ու կանոնով, համեստ ու ճաշակով կահավորված դպրոցը փայլում է նաեւ արտաքին դիզայնով ու գրավում բոլորին։
Մելանյա Գեղամյանին բացահայտում եմ նաեւ նրա հեղինակած «Սեր իմ Արցախ» բանաստեղծությունների գրքից․«Ով էլ լինես՝ ինձ արյունակից հարազատ, բարեկամ, ծանոթ կամ նույնիսկ ՝ անծանոթ, հոգուս ակութից փրկված այս տողերը քեզ համար են։ Ինչքան էլ այրվել-մոխրացել են իմ էության կրակարաններում, ինչքան էլ խեղվել կյանքիս կեռմաններում, զանազան վայրիվերումներում․․․»։
Բանաստեղծությունների այս գրքում Մելանյան ամբողջ «խորքով ու լայնքով» զգում է հայրենիքը, Արցախի կորուստն ու Եռաբլուրը նրան հանգիստ չեն տալիս՝ ամեն օր ու ամեն ժամ քրքրելով հիշողությունները, իսկ պատմությունն ու հերոսների արյունով գծված սահմանները հորդորում են՝ հիշել, հիշել, հիշել․․․
Հիրավի իրավացի էր Պարույր Սեւակը, երբ գրում էր․«Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը․․․»։ Մենք արժանախատիվ հայ ենք եւ քաղաքակրթությանը շատ բան տված ազգ։ Բայց ահա անընդհատ ուշանում ենք «պատմության գնացքից»։
Արցախ աշխարհը Մելանյա Գեղամյանին ներկայանում է որպես՝ «օտարի ճամփին ընկած քնքուշ ծաղիկ՝ ոտնակոխ եղած ու տանջված, հոգու մեջ՝ ցավ ու կսկիծ»։
Որքան հավատ ու հույս կա տողերում, լավի սպասում, ռուս-թուրքի խաղին չվստահելու հորդոր․․․ Տիկին Մելանյայի բանաստեղծական տողերը ընթերցողին ակամա հետ են տանում, տեղափոխում հայ ժողովրդի համար մի ծանր ժամանակահատված, երբ Ավարայրից ու Սարդարապատից էլ ավելի օրհասական, կյանքի ու մահու պատերազմում ապավինել էինք հայ զինվորի ոգուն ու ժողովրդի «հոգու հեղեղին»․
Էլ խաչվել չկա, ոչ էլ երկնչել,
Քանզի թշնամին մեզ շատ է խաչել․․․
Պայքարի ու նոր կորովի փնտրտուքում հեղինակը հստակ բանաձեւում է հայ ժողովրդի կենսաձեւը․
Աղ ու հացով ենք խոսել, արարվել․․․
Բայց հարատեւում ենք «գրչով ու սրով», քանզի՝
Մեկ հարյուրամյակ հոշոտում են քեզ,
Դեռ կհոշոտեն այդպես անխնա,
Քանզի ուզում եմ շքյատա երգես,
Ու հորովելդ ջնջվի, վերանա․․․
Ցավի ու տառապանքի 150 էջ, ուր հեղինակը արթնության կոչ է հնչեցնում, հորդորում չլռել ու չծնկել, դիմանալ, պայքարել, երբեմն էլ հույսը դառնում է միակ հենարանը․
Էլ չեմ հավատում ոչ մի երազի,
Ամեն ինչ սուտ է ու բռնադատված,
Ինձ մնացել է լոկ կանթեղ հույսի,
Կորցրած Հայրենիք, Հայրենիք ձեւված․․․
Մորթված ու խաչված մի ժողովրդի ճակատագիր պատմության քառուղիներում, որից դասեր այդպես էլ չենք քաղում, մինչդեռ պետք է․ «Միաբան լինենք ու ելքը գտնենք նոր ճանապարհին»։
Թեւաթափ եղած հեղինակը զուր արդարություն է փնտրում, աշխարհի բոլոր ծագերն անհաղորդ են մեր ցավին, անգամ մեր դաշնակիցը, ու ինչ է մնում անել, եթե ոչ զրուցել պոետի հետ․
Արթնացի՛ր Չարե՛նց, պոե՛տ բոցաշունչ,
Ամբոխներիդ խենթ, հլու, հնազանդ
Անկուշտն է իշխում․․․
Որքան դիպուկ է գրել Սիամանթոն․ «Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք»․․․
Ո՛չ, հերոսներին երբեք մահ չկա,
Եվ վախճան չկա կյանքին առհավետ․․․
Այսպես է մտածում ու գրում Մելանյա Գեղամյանը, ում հոգին ծվատվում է վշտից, ով հազար անգամ անցել է ցավի խորխորատներով ու ցավը դարձրել բանաստեղծություն, դարձրել կարոտ ու սեր՝ Արցախ աշխարհին ուղղված․
Դու անուն չես սոսկ երգելու համար,
Դու հող ես, լեռ ես, երկինք ես, օդ ես,
Անտառ ես կանգուն ու այգի դալար,
Դու սրտերի մեջ սեր ու կարոտ ես։
Գիրքը եզրափակվում է արձակ էջերով՝ հեղինակի մտորումներով, մտածումներով ու խոհերով՝ անցյալի միջով դեպի ներկա, հայրենադարձություն երեւույթի չհասկացվածության ու թյուր մեկնաբանումի տխրությամբ, որի ներքո շղարշվում են ձգտումն ու կարոտն առ Հայրենիք․․․
Մելանյա Գեղամյանի գիրքը ցավի ու կորուստների, սիրո ու կարոտի անվերջ ուխտագնացություն է՝ մեր խաչը արժանապատվորեն կրելու, պատմության թմբիրից դուրս գալու եւ միաբանվելու հարատեւ կոչ։
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Գեղամյանը հավատում է հայ ժողովրդի, հայ մարդու հոգու վերածննդին, սահմանների ամրությանն ու կորցված Հայրենիքի վերադարձին՝ իր ապրած ամեն օրը դարձնելով հայ երեխայի կրթության գործին նվիրումի սեր ու ջանք։
Սիլվա ԱՍՐՅԱՆ