Գեղեցիկ նվեր՝ ուսուցչի տոնին
Հիացմունքի, գեղագիտական հաճույքի և հպարտության անմոռանալի մի ժամ ապրեցին Ավետիսյան դպրոցի ուսուցիչները: Մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորանքի և երախտագիտության խոսքից հետո 11-րդ և 6-րդ դասարանցիները նրանց մատուցեցին իրենց համատեղ նվերը՝ «Շարլ Ազնավուր» գրական-երաժշտական հանդեսը, որը պատրաստել էին գրադարանավար Եվա Ֆարմանյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով ֆրանսիական շանսոնյեի արքայի և մեծ հայի կյանքի և ստեղծագործության անպարագիծ էջերը:
Հենց ծննդատանը Շահնուր-Շարլ անվանափոխումից մինչև Էդիտ Պիաֆ, Փարիզի «Օլիմպիա», Ֆրանսիայի «ազնավուրացում», 1200 երգ՝ 9 լեզուներով, 180 մլն ձայնասկավառակ, մի քանի տասնյակ ալբոմներ, տասնյակի չափ ֆիլմեր, «Պատվո լեգեոն» շքանշաններ, հետո՝ 1988-ի ավերիչ երկրաշարժ, «Ազնավուրը Հայաստանին» և, իհարկե, «Pour toi, Armenie!», որին ձայնակցեց նաև հուզված դահլիճը…
«Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ». սա էր Ֆրանսիան և Հայաստանը հպարտորեն աշխարհին ներկայացնող մեծ երգչի հավատամքը: 2018-ի հոկտեմբերի 5-ին, վերջին հրաժեշտը տալով մեծ շանսոնյեին, Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնն ասաց. «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում»: Իսկական պոետները ոչ մի տեղ չեն մեռնում: Դա նրբաճաշակորեն ներկայացրին Ավետիսյան դպրոցի սաները: Չդադարող ծափահարությունները, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ջերմ խոսքերը, արցունքախառն ու հուզումնալից գրկախառնությունները, մեր տաղանդավոր սաների հետ լուսանկարվելու, բեմում երգողներին միանալու անկեղծ ցանկությունը, ամեն-ամեն ինչ դրա վառ վկայությունն էին: