Ավետիսյան դպրոցի 2021-2022 ուստարվա շրջանավարտության հանդիսավոր արարողության բանախոսն էր Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռիչարդ Տիգրան Բեզջյանը: Իր շնորհավորական խոսքից եւ բարեմաղթանքից հետո նա շրջանավարտներին ուղղեց 5 կարեւոր պատգամ, 5 գործուն խորհուրդ, որոնք կենսունակ են նոր կյանք մտնող յուրաքանչյուր երիտասարդի համար:
Եվ այսպես, ի՞նչ պատգամեց, ի՞նչ խրատեց մեր բանախոսը մեր շրջանավարտներին՝ իր խոսքը հիմնավորելով կյանքից վերցված կենդանի ապացույցներով:
Պատգամ 1. Կազմե՛ք ծրագրեր
Նայեցե՛ք ձեր հրաշալի դպրոցին: Այն ժամանակակից է, լուսավոր, տեխնոլոգիապես հագեցած, այստեղ ամեն ինչ աչք է շոյում: Մինչդեռ ընդամենը 7-8 տարի առաջ այս նույն վայրում ամայի եւ անշուք, տղմոտ մի տարածք էր, որը անապատ էր հիշեցնում: Բայց գտնվեցին մարդիկ, որոնք պատկերացրին այս տարածքի ապագան: Նրանք ծրագրեցին, խիզախեցին, աշխատեցին եւ արդյունքում ստեղծեցին այս հոյաշեն դպրոցը, որի համար ներդրված միլիոնավոր դոլարներն արդեն իսկ արդարացվել են՝ ի դեմս Ավետիսյան դպրոցի փայլուն շրջանավարտների:
Դուք էլ նրանց նման կարող եք կազմել ձեր ծրագրերը, իրականացնել դրանք, լինել համարձակ, եւ արդյունքը չի ուշանա: Ուրեմն՝ համարձակորեն ծրագրե՛ր կազմեք՝ ձեր նպատակին հասնելու համար:
Պատգամ 2. Մնացե՛ք ձեր ծրագրի հետ
Հաճախ իմ մտերիմները, երբ ուզում են ինչ-որ գործ ձեռնարկել, ինձ հարցնում են՝ ինչպե՞ս հասա հաջողության, ի՞նչ արեցի դրա համար: Ես նրանց պատասխանում եմ. «Պատրաստ եղեք 10-15 տարի նվիրաբերել ձեր ծրագրի իրականացմանը»: Այո՛, մոտավորապես այդքան պահանջվեց իմ մի քանի նախագծեր իրենց հաջող ավարտին հասցնելու համար:
Շատերը վազում են շուտափույթ հարստանալու սխեմաների հետեւից՝ ցանկանալով արագ հասնել հաջողության: Ես դա անվանում եմ մոլախաղ: Խաղատներում գուցեեւ դա հաջողվում է, սակայն ոչ 99,99%-ի համար:
Բերեմ միայն մեկ օրինակ. 1985-ին Apple ընկերությունը տապալման եզրին էր, Սթիվ Ջոբսը հեռացվեց տնօրենների խորհրդից,: Սակայն 10 տարի անց Սթիվը վերադարձավ եւ նորից աճեցրեց Apple-ը, որն այսօր աշխարհի 10 ուժեղագույն ընկերություններից մեկն է:
Այնպես որ, սիրելինե՛րս, սկսե՛ք: Զինվե՛ք համբերությամբ: Լրջորե՛ն զբաղվեք: Մնացե՛ք ձեր ծրագրի հետ, կենտրոնացե՛ք նրա վրա: Մի՛ հանձնվեք: Սովորե՛ք ձեր իսկ սխալներից: Առաջադիմե՛ք ամեն օր: Լավ նորությունն այն է, որ այդպիսով մի օր դուք հասած կլինեք ձեր նպատակին:
Պատգամ 3. Օգուտ քաղեք եւ սովորե՛ք ուրիշներից
Անշուշտ, գիտեք, որ ընկերությունները, անկախ գործունեության ոլորտից, վճարում են խորհուրդ ստանալու համար: Նրանք դիմում են վստահելի մարդկանց եւ մասնագետների՝ լսելու նրանց կարծիքը, նրանց օգնությամբ ճիշտ լուծումներ գտնելու համար, կամ պահում են հատուկ խորհրդատուներ: Չէ՞ որ ձախողված որոշումը կարժենա թե՛ կորսված գումար, թե՛ վատնված ժամանակ:
Այնպես որ, սիրելի՛ երիտասարդներ, մի՛ քաշվեք խորհուրդ հարցնելուց: Խորհուրդ հարցրեք ձեր ծնողներից, ուսուցիչներից, բոլոր նրանցից, ում վստահում եւ հարգում եք: Խորհո՛ւրդ հարցրեք, ուր էլ գնաք, ինչ համալսարաններում էլ սովորեք: Ձեր գործը դրանից միայն կշահի:
Պատգամ 4. Սովորեք հիմա՛. այնքան, որքան կարող եք
Գիտականորեն վաղուց է ապացուցված, որ մարդը կարող է սովորել դեռ մանուկ հասակից: Մարդու ուղեղն ընկալունակ է վաղ տարիքից: Ուշ տարիքում ոչ մի հաբ ու դեղամիջոց ձեզ չի օգնի՝ ընկալելու եւ սովորելու այն, ինչ կարող եք այս տարիքում:
Հիշե՛ք՝ մոտ 8 մլրդ մարդ կա մեր մոլորակի վրա, եւ բոլորը ձգտում են հաջողության, բոլորը սովորում են դրա համար: Այնպես որ, սիրելինե՛րս, սովորե՛ք հիմա, մի՛ ուշացրեք: Սովորե՛ք, ինչ կարող եք՝ մաթեմատիկա, աշխարհագրություն, կանոններ, ճշմարտություններ, օրենքներ: Թիմ կազմեք համախոհների եւ գաղափարակիցների հետ, միացրեք ձեր ուժն ու գիտելիքը, աշխատե՛ք, հանդգնե՛ք:
Պատգամ 5. Համապատասխանե՛ք ձեր միջավայրին
Ձեր տարիքում ես շատ երազանքներ ու ծրագրեր ունեի եւ դիմում էի զանազան կազմակերպությունների, ընկերությունների: Դրանք, իրենց հերթին, միշտ փնտրում են ավյունով ու կրակով լեցուն երիտասարդների, ովքեր ուզում են դրսեւորել իրենց գիտելիքը եւ ունեն այդ կրակն ու ուժը: Նոր միջավայրում գտե՛ք ձեր գիտելիքն ու եռանդը դրսեւորելու լավագույն ձեւը, վստահե՛ք ձեր ուժերին, հավատացե՛ք, որ դուք համապատասխանում եք հաջողության հասնելու ձեր գաղափարին:
Սիրելինե՛ր, դուք հիմա մտածում եք, թե ի՛նչ է սպասում ձեզ առջեւում: Եվ ձեզ հետ շատ հույսեր են կապել ձեր ծնողներն ու ուսուցիչները, որ ձեր վրիպումներից տխրել են, ձեր հաջողություններով ուրախացել եւ այսօր ձեզ հասցրել են հասունության շեմին: Ես էլ իմ հերթին իմ պատգամները հղում եմ ձեզ՝ եւս մեկ անգամ հիշեցնելու, որ մեր փոքրիկ Հայաստանում ծովին, գազին, նավթին, ոսկուն փոխարինում է ամենամեծ հարստությունը՝ մարդը: Ես եւ դուք ենք այդ հարստությունը: Ուրեմն չվատնե՛նք մեզ անտեղի, այլ սովորենք, ծրագրենք, խիզախենք:
Հավատացե՛ք, եւ պիտի կատարվի: