Հունիսի 28-ին Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը ուշագրավ սեմինար անցկացրեց դպրոցի ուսուցչակազմի հետ: Օրվա թեման՝ «Լինել ազդեցիկ եւ ոգեշնչող ուսուցիչ», ավելի քան ինքնատիպ էր:

Հետաքրքիր եւ տպավորիչ աշխատանքն սկսվեց առաջին իսկ րոպեներից: Տիկին Ներսեսսյանը խնդրեց մանկավարժներին հիշել եւ առանձնացնել իրենց այն ուսուցիչներին, ովքեր դպրոցական տարիներին ամեն կերպ ոգեշնչել են իրենց: Այնուհետեւ նա պատմեց իր երկու ուսուցչուհիների մասին, որոնք մեծ ազդեցություն էին թողել իրենց վրա թե′ որպես մասնագետ եւ թե′ որպես մարդ:

Խոսելով ուսուցչի դերի եւ նշանակության մասին՝ տիկին Ներսեսսյանը առանձնացրեց երկու առանցքային միտք՝ «Մենք մեր ով լինելն ենք սովորեցնում» եւ «Լավ ուսուցումը բխում է ուսուցչի ինքնությունից»: Ինչից էլ, բնականաբար, հետեւում է, որ ազդեցիկ եւ ոգեշնչող ուսուցիչ լինելու համար կարեւոր է ճանաչել սեփական անձը:

Սեմինարի ընթացքում տիկին Ներսեսսյանը ներկայացրեց «Ջոհարիի պատուհան»-ի տեսությունը, խոսեց դրա ծագման, նպատակների եւ էության մասին: Այս տեսության հիմքում ընկած է սեփական անձը լավ ճանաչելու հիմնախնդիրը: Եվ մանկավարժներին «Ջոհարիի պատուհան»-ի չորս մասերին ծանոթացնելուց հետո սեմինարավարուհին ընդգծեց, որ պետք է աշխատել մեծացնել բաց վանդակ-սեկտորը, որն ամենակարեւորն է եւ պիտի օգնի ուրիշների հետ ավելի լավ հարաբերություններ մշակելուն։

Տեսական մասը յուրացնելուց հետո ուսուցիչները տիկին Ներսեսսյանի ուղղորդմամբ կատարեցին հետաքրքիր թեստ-վարժություն՝ պարզելու սեփական անձի հատկանիշները:

Հանդիպման ավարտին տիկին Սալբի Ներսեսսյանը ընդգծեց ամենակարեւորը. բավական չէ այս տեսության միայն լավ յուրացումը, այն պետք է կիրառվի նաեւ գործնականորեն:

Տիկին Ներսեսսյանն իր սեմինարն ավարտեց տրամաբանական մարտահրավերով. նա առաջարկեց երկու հարցադրում, որոնց շուրջը առաջիկայում պետք է մտածեն եւ աշխատեն բոլոր ուսուցիչները։ Հարց առաջին՝ «Ի՞նչ եմ ուզում, որ աշակերտներս պատմեն իմ մասին», եւ հարց երկրորդ՝ «Ի՞նչ անեմ, որպեսզի օրեցօր օր ավելի լավը դառնամ»: Այլ կերպ ասած, ինչպիսի՞ն պիտի լինի ուսուցիչը, որպեսզի աշակերտները լավ հիշողություններ ունենան նրա մասին, եւ որպեսզի լինի ազդեցիկ ու ոգեշնչող։