Տարրական դպրոցին հրաժեշտ տվեցին Ավետիսյան դպրոցի երրորդ դասարանների սաները:
«Մենք ավարտում ենք երրորդ դասարանը»,− ի լուր բոլորի՝ հայտարարեցին III «ա»-ի փոքրիկները (դասվար՝ Ռուզան Մարգարյան) եւ իրենց կյանքի այդ հիշարժան օրը նշանավորեցին ասմունքով, նվագով, երգ ու պարով:
Տարրական դպրոցի մյուս «շրջանավարտների»՝ III «գ»-ի հավատամքն էր «Ընկերությունը կյանքի ամենագեղեցիկ մարգարիտն է»: Մի ամբողջ դասաժամի ընթացքում նրանք դասվար Նորա Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցուցադրեցին ընկերության անհաղթելի ուժն ու զորությունը:
Իսկ ահա III «բ»-ն բոլոր ներկաներին՝ ծնողներին, ուսուցիչներին, մյուս հյուրերին, կարողացավ ներարկել մի պարզ ճշմարտություն՝ աշխարհը կփրկի ՍԵՐԸ: Երեխաներն անմոռանալի պահեր պարգեւեցին բոլորին՝ իրենց հրաշալի ելույթներով սփռելով սեր, արեւ ու ժպիտ, հիշեցնելով, որ իրենք՝ որպես երեխաներ, իրավունքների կողքին եւ դրանց հավասար ունեն նաեւ պարտականություններ: Այն անմիջականությունն ու ջերմությունը, որով փոքրիկները շրջապատել էին սիրելի դասվարին՝ Հասմիկ Սողոմոնյանին, ասում էր ամեն ինչ նրա եռամյա ջանքերի, իր սաների հոգիներում լույսի, բարու, սիրո հատիկներ սերմանելու եւ այդ ամենի հետ նրանց կայուն գիտելիքներով զինելու մասին: