Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Ավետիսյան դպրոցում յուրաքանչյուր անգամ հարստանում է նոր երանգներով ու մտահղացումներով: Այս տարվա Զատկի տոնախմբությունը եւս բացառություն չկազմեց. դասերի ավարտին դպրոցի վարդենիների ծառուղում բացված տոնավաճառի աշխույժը լրացնում էին մեր շնորհալի սաների կենդանի կատարումները, իսկ զատկական «վաճառասեղաններին» մեծ թիվ էին կազմում հենց աշակերտների ձեռքի գործերը՝ տիկնիկներից, գեղանկաներից մինչեւ հրուշակեղեն: Հատկապես արժեր համտեսել մեր տղաների խոհարարական աշխատանքները:
Իսկ տոնախմբությունն սկսվել էր դեռ վաղ առավոտից դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Այստեղ սկզբում աշակերտական խորհրդի անդամները սեղմ եւ մատչելիորեն ներկայացրին Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոները, հատկապես Սուրբ Զատիկը նշելու ավանդույթը հայոց մեջ:
Այնուհետեւ բեմը լցվեց նախակրթարանի ավագ խմբի զատկական երգ ու պարով, ծափ-ծիծաղով (դաստիարակ՝ Ա. Կիրակոսյան, օգնական՝ Հ. Առաքելյան, երաժշտության դաստիարակ՝ Հ. Արշակյան):
Աշակերտ թե ուսուցիչ, ծնող թե երեխա, ելույթ ունեցող թե ծափահարող, «արտադրող», «վաճառող» թե «գնորդ» դպրոցի բակից տուն տարան տոնական տրամադրություն՝ օրհնաբեր ողջույն-բարեմաղթանքով.
- Քրիստոս հարյավ ի մեռելոց:
- Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի: