Արվեստը կյանքի լեզուն է

Այս խորին համոզմամբ Ծաղկաձորին հրաժեշտ տվեցին արվեստի եռօրյա սեմինարի մասնակիցները՝ Ավետիսյան դպրոցի տասներորդ դասարանների աշակերտները: «Արվեստ» առարկայի ուսուցիչ Վազգեն Թորոսյանի այս նախագիծը հաջողությամբ կյանքի էր կոչվել դեռեւս անցյալ տարի: Արդյունքից ոգեւորված՝ դպրոցի ղեկավարությունը (տնօրեն՝ Մելանյա Գեղամյան) որոշեց կրկնել արվեստի այսպիսի «համագումարները» գեղատեսիլ Ծաղկաձորի գրկում:

Եռօրյա սեմինարում ներդաշնակորեն համատեղվել էին հոգեւորն ու մշակութայինը, ինչպես նաեւ շարժման, ձայնի եւ գույների լեզվով սեփական հույզերի ճանաչողությունը: Խաղերի, ազգագրական երգի ու պարի, կոլաժների, դիտած ֆիլմերի քննարկումների միջոցով պատանի ավետիսյանցիները զարմանքով ու հիացմունքով էին բացահայտում սեփական ցարդ «թաքնված» ստեղծագործական ներուժն ու ձիրքերը:

«Ստեղծի՛ր, զգա՛, ապրի՛ր»: Կարգախոսն ինքնին ասում է ամեն ինչ սեմինարի բովանդակության մասին:

Անցած տարվա օրինակով՝ սեմինարավարի կողքին էին եւ կազմակերպական ու մասնակցային անգնահատելի օգնություն էին ցուցաբերում 11-րդցիները, ովքեր էլ հենց անցած ամռանը հիմք էին դրել այս բացառիկ հավաքին: Հաջորդ տարի Ծաղկաձոր կգան նոր 10-րդցիներ, իսկ ընկեր Վազգենի կողքին օգնական կդառնան այսօրվա «հերոսները»: Այնպես որ՝ նոր ավանդույթն արդեն արմատակալել է:

— Արվեստի եւ խաղերի միջոցով մենք ճանաչում ենք ինքներս մեզ եւ իրար, — ասում է 11-րդցի Աստղիկ Խոշյանը, — բացահայտում, սովորում ենք շատ-շատ բաներ, հասկանում ենք արվեստի եւ հավատքի կապը, բոլոր հանգամանքներում հարազատ արմատներին կապված մնալու կենսական կարեւորությունը:

Սեմինարի բովանդակալից ծրագրից հետո ավետիսյանցիներն ադեն նորովի էին արժեւորում Ծաղկաձորում մեր մշակութային ժառանգության նմուշները՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը եւ, անշուշտ, Կեչառիսի վանական համալիրը:

Աշնանային արձակուրդի երեք օր. տասներորդցիների համար՝ հասունացման, փոխադարձ վստահության, հոգեւոր հարստացման երեք անգնահատելի սանդղակ:

Արդյունք չէ՞ այն, որ մինչեւ գալիք եռօրյա սեմինարը դեռ մի ամբողջ տարի կա, իսկ սպասողներն արդեն շատ են: