«Կարմիր կակաչները ներկել են դաշտերը…»
Մեր ազգային զարթոնքի սիրված երգի ներքո առաջ են գալիս «կարմիր կակաչիկները»: Խրոխտ քայլերով նրանց են միանում փոքրիկ քաջորդիները, եւ Ավետիսյան դպրոցի նախակրթարանի ավագ նախադպրոցական խմբի սաների շուրթերով, երգ ու պարի ուղեկցությամբ «շարադրվում» է հայ ժողովրդի բազմադարյա հերոսամարտի պատմությունը՝ Վարդանանցից մինչեւ այսօր, դարերով, դրվագներով, անուններով (դաստիարակչուհի՝ Ա.Կիրակոսյան, դաստիարակի օգնական՝ Մ.Բաբայան, երաժիշտ դաստիարակ՝ Հ.Արշակյան, պարուսույց՝ Ռ.Ղասաբօղլյան):
Հանդեսը տպավորիչ էր, հուզիչ: Իսկ վերջում, երբ մարում է «Հաղթելու ենք միասին» երգի վերջին ելեւէջը, դաստիարակչուհի ընկեր Արեգնազը դիմում է իր սաներին.
˗ Ո՞վ է պատրաստ ինձ հետ միասին պաշտպանելու հայրենիքը:
˗ Ե՜ս,- համերաշխ թնդում է քսանհինգ երեխայի միաձայն պատասխանը, որը, արձագանքվելով դպրոցի բարձրիկ կամարների տակ, ասես բազմապատկվում է, գնում միանալու հայրենյաց մեծահասակ պաշտպանների ձայնին, երեսունից դառնալու հազարներ, դառնալու մեր ապագան…