Մեր պատանի պատմաբանների թիմը այս օրերին արժանաբար վայելում է գարնանային արձակուրդները:
Ընդամենը օրեր առաջ ավետիսյանցի գիտունիկները հարազատ դպրոցին բերեցին եւս մեկ արժեքավոր հաղթանակ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի նախաձեռնությամբ անցկացված «Պատանի պատմաբան» մրցույթում իրենց գիտելիքները չափելով «տանտերերի» եւ Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի թիմերի հետ, նրանք եղան ուժեղագույնը: Առաջին փուլում (ընտրովի հարցեր) մերոնք վաստակեցին առավելագույն 20 միավորը: Մեր թիմը ուժեղագույնն էր նաեւ երկրորդ փուլում (թիմերի ավագների բլից հարցում): Արդյունքում հավաքելով 37 միավոր՝ մեր սաները դարձան այդ հետաքրքրաշարժ գիտամրցույթի հաղթող:
Մեր ապագա պատմաբաների հաղթանակին Ավետիսյան դպրոցում չէր կասկածում ոչ ոք և ամենից շատ՝ պատմության ուսուցիչների «թիմը» (Գ. Պետրոսյան, Շ. Բաբայան, Զ. Ավետիսյան, Ա. Սալնազարյան):
Ճանաչե՛նք մեր հաղթողներին՝ Յոլչյան Արթուր (թիմի ավագ, XII «բ» դասարան), Սիրադեղյան Լևոն (XII «ա» դասարան), Փանյան Սիարփի, Դաղլյան Արեգի, Համբարձումյան Ռոսա-Մարիա եւ Բադալյան Սոնա (բոլորն էլ՝ X «ա» դասարանից):
Անշուշտ, սա ավագ եւ կրտսեր պատմաբանների միասնական հաղթանակն էր: Կեցցե՛ք: Շնորհակալությո՛ւն: