Գրական «Վերնատան» գաղափարը Ավետիսյան դպրոցում հասունացել էր դեռ անցած ուստարվանից, երբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ավագ դպրոցի աշակերտների հանդիպումներ արդի հայ գրական գործիչների հետ: Առաջինը դպրոց հրավիրեցին արևմտահայ արձակագիր և հրապարակախոս Հակոբ Միքայելյանին, ապա նաև գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանին, և երկու հրավիրյալներից էլ բաժանվեցին տպավորված ու հոգով հարստացած:

Եվ ահա՝ ժամանակակից «Վերնատուն»: Նորամուծության գաղափարն, ինչպես միշտ, աջակցություն գտավ դպրոցի ղեկավարության կողմից, և Ավետիսյան դպրոցի գրական Վերնատունը օրերս անցկացրեց իր անդրանիկ հավաքույթը:

Առաջին հանդիպման համար ուսուցիչն ու աշակերտներն ընտրել էին ժամանակակից երիտասարդ արձակագիր Գրիգի (Գրիգոր Շաշիկյան) «Հիսուսի կատուն» գործը և քննարկմանը հրավիրել անձամբ հեղինակին:

Այս հետաքրքիր, սկզբում մի փոքր անսովոր թվացող հանդիպման առաջին երկչոտ ելույթներին հաջորդեցին պատանեկան ինքնաբուխ և ինքնատիպ դատողությունների, անկեղծ հարցերի տարափը և հեղինակի նույնքան անկեղծ պատասխանները: Մթնոլորտը գնալով ջերմացավ, դարձավ անկաշկանդ. ներկաներից յուրաքանչյուրն ասելիք ուներ, սրտի խորքում պահած մի խոսք, մի խորհուրդ ՝ ուղղված գրողին  և նրա հերոսներին:

Հավելենք, որ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի՝ տարվա 10 ընտրված գրքերի շարքում: