1828 թ. փետրվարի 10-ին (նոր տոմարով` 22-ին) կնքված Թուրքմենչայի պայմանագրով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը: Պայմանագրով Պարսկաստանը ճանաչում էր Երեւանի եւ Նախիջեւանի նահանգների, Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի ռազմատուգանք: Թուրքմենչայի պայմանագիրը բախտորոշ եղավ պարսկահայերի համար: Նրանց իրավունք էր տրվում գաղթել Ռուսաստանի սահմանները, իսկ անշարժ գույքը տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամկետ: 2 տարում Պարսկաստանից Անդրկովկաս գաղթեց շուրջ 45 հազար հայ:
___
1874: Ախալքալաքում ծնվել է քաղ. ու պետ. գործիչ Համո Օհանջանյանը (կուսակցական անունը՝ Մհեր Մհերյան): Ավարտել է Լոզանի բժշկական ինստիտուտը: Մասնագիտությամբ աշխատել Թիֆլիսում եւ Բաքվում: Հակացարական գաղափարների համար աքսորվել է Սիբիր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ներումով վերադարձել է Թիֆլիս, որպես բժիշկ գործել Կովկասյան ռազմաճակատում: Բուժօգնություն է կազմակերպել Վանում: Ընդգրկված է եղել Անդրկովկասյան սեյմում, ապա՝ Բեռլին ուղարկված Հայոց ազգային խորհրդի պատվիրակության մեջ, նաեւ Հայաստանի պատվիրակության կազմում՝ Փարիզի հաշտության կոնֆերանսում: 1920-ին եղել է Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ եւ արտգործնախարար: Նրա օրոք է կնքվել Սեւրի հաշտության պայմանագիրը, որով դե յուրե ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո բանտարկվել է: 1921 թ. փետրվարյան ապստամբության օրերին ազատվելուց հետո որպես վտարանդի ապրել է Կահիրեում, զբաղվել բժշկությամբ եւ հասարակական գործունեությամբ: Համազգային մշակութային միության հիմնադիրներից է: Մահկանացուն կնքել է 1947-ին Կահիրեում:
1920: Արթիկի Հոռոմ գյուղում ծնվել է ԽՍՀՄ հերոս, կործանիչ օդաչու, ավիացիայի գնդապետ Վազգեն Օգանեսովը (Հովհաննիսյանը): Ոչնչացրել է ֆաշիստական 23 ինքնաթիռ: Հերոսի կոչման է արժանացել Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Պատերազմից հետո հաստատվելով Բաքվում` տարիներ անց անվանի օդաչուն կիսել է Սումգայիթի եւ Բաքվի հայերի ճակատագիրը: Վախճանվել է 1993-ին Երեւանում:
1932: Երեւանում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, լեզվաբան, փիլ. գիտ. դ-ր պրոֆ. Էդուարդ Աթայանը: Նրա աշխատությունները որոշակի ներդրում են լեզվի կառուցվածքի եւ փիլիսոփայության, հատկապես լեզվի դիալեկտիկայի ուսումնասիրության բնագավառում: Մահացել է 2002-ին Երեւանում:
1935: Ստեփանակերտում ծնվել է գրող, հրապարակախոս, սպորտի վաստ. վարպետ Զորի Բալայանը: Աշխատել եւ ճանապարհորդել է Կամչատկայում եւ Չուկոտկայում, եղել «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակիցը Հայաստանում: Նրա «Օջախ» գրքի հիման վրա նկարահանվել է «Գոտեմարտ» գեղարվեստական ֆիլմը: «Կիլիկիա» նավի անձնակազմում մասնակցել է եւ ծովերով նավարկությանը: Արցախյան շարժման առաջին օրերից նրա կիզակետում է:
1956: Հայաստանի կառավարությունը հաստատեց Երեւանի մեծ նախագիծը:
1960: Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երեւան գազամուղի շինարարությունը: