Այսօր ռուս մեծ բանաստեղծ և դիվանագետ, հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակի օրն է: Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար Գրիբոյեդովը զոհվեց 1829-ին՝ Ֆաթհ-Ալի շահի հրոսակների հարձակման ժամանակ, Թեհրանում: Թաղված է Թբիլիսիում:

___

1818: Կ. Պոլսում ծնվել է պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան, հայ քննական պատմագրության հիմնադիր Անտոն (Մատաթիա) Գարագաշյանը: Եղել է Մխիթարյան միաբանության քահանա, հետագայում հրաժարվել է ծառայել կրոնին:

1864: Թեհրանում ծնվել է պետ.-հաս. գործիչ, մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, հայ իրականության մեջ Շեքսպիրի երկերի ականավոր թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը (Խան Մասեհյան): Հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին պարբերականը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: Մեծ երախտիք ունի պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում: 1916-ին Լոնդոնում մասնակցել է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին ընդգրկվել է Պողոս Նուբարի ղեկավարած հայկական ազգային պատվիրակության կազմում, որի առաքելությունն էր Հայ դատի պաշտպանությունը եվրոպական կառավարությունների առջև: Եղել է պարսից շահի պալատի թարգմանիչը, Իրանի դեսպանը Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում: 1931-ի նոյեմբերին ծանր հիվանդության պատճառով հրաժարական է ներկայացրել: Մահացել է Տոկիոյից Թեհրան վերադառնալիս Չինաստանի Խարբին քաղաքում: Թաղվել է Թեհրանի մոտ՝ Վաբագ գյուղի Ս. Գևորգ եկեղեցու գավթում: 5 տարի անց Խան Մասեհյանի աճյունը տեղափոխել են Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցու բակ:

1865: Գանձակում ծնվել է Թիֆլիսի Հայ հրատարակչական ընկերության հիմնադիրներից կենսաբան-դարվինիստ Սամվել Բալաղյանը: Աշակերտել է Մեչնիկովին և Տիմիրյազևին: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Միկրոբները», «Զրույցներ հողի մասին», «Դարվինիզմ» աշխատությունները: Մահացել է 1950-ին Թբիլիսիում:

1882 թվականին Թիֆլիսում ծնվել է ռազմածովային գիտ. պրոֆ., ռազմական գործիչ Ալեքսանդր Գարսոևը (Գարսոյան): Եղել է սուզանավերի հրամանատար, Բալթիական նավատորմի ավիացիայի պետ, ծանրակշիռ դեր է ունեցել խորհրդային ծովային ուժերի ստեղծման գործում: Մահացել է 1932-ին Լենինգրադում:

1884: Լոռու Արդվի գյուղում ծնվել է հայտնի հայագետ, պատմաբան, հնագետ, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս-Քալանթար): Մասնակցել է Անիի պեղումներին, Նիկողայոս Ադոնցի հետ ուսումնասիրել Վանի սեպագիր արձանագրությունները: Նրա շնորհիվ փրկվել են գիտական կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ նյութեր: Մահացել է 1942-ին, Երևանում:

1929: Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) ծնվել է ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, ՀԽՍՀ վաստ. մարզիչ, ԽՍՀՄ բազմակի, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն օղակներից, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստ. գործիչ, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Նրա անունը շնորհվել է մարմնամարզության օլիմպիական հերթափոխի (ՕՀ) մարզադպրոցին:

1936: Ծնվել է իտալացի ճարտարապետ, արվեստաբան Պաոլո Կունեոն: Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է: Մասնակցել է Խորհրդային և Արևմտյան Հայաստաններում, Կիլիկիայում անցկացված իտալական գիտարշավներին: Հայկական ճարտարապետության վերաբերյալ կարդացել է բազմաթիվ դասախոսություններ: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մոնումենտ» հանդեսում հրապարակված «Անի քաղաքի ավերակները» աշխատությունում առաջարկել է Անին դարձնել գիտահետազոտական և զբոսաշրջության միջազգային կենտրոն: Կունեոյի 20-ամյա աշխատանքի արդյունքն է «Հայկական ճարտարապետությունը 4-ից 19-րդ դարերում» մեծածավալ աշխատությունը:

1937: Իջևանում ծնվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոօպերատոր, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանը: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր: Նրա ֆիլմերից շատերն արժանացել են տարբեր կինոփառատոների մրցանակների: Մահացել է 2003-ին Երևանում:

___

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնն է՝ 1979 թ. հեղափոխության օրը:

Փետրվարի 11-ին Լիբերիայում նշվում է զինված ուժերի, Կամերունում՝ երիտասարդության, Ճապոնիայում՝ պետականության հիմնադրման, Ռուսաստանում՝ աերոֆլոտի օրը: