Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այսօր երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ավանդաբար նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով ևաղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների բարեխոսն է, ևնրա տոնը մեր եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր:
___
1883: Այս օրը Մոսկվայում Պետրոս Ադամյանը հայերեն կատարեց Համլետի դերը Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ: Մամուլը բարձր գնահատական տվեց տաղանդավոր դերասանի խաղին: Մարտ ամսին արդեն Ադամյանը մեծ հաջողությամբ սկսեց խաղալ ռուսերեն: Նա հյուրախաղերով հանդես եկավ նաև Պետերբուրգում, Աստրախանում, Ռոստովում, Խարկովում, Կիևում, Օդեսայում և Ռուսաստանի այլ քաղաքներում:
___
1909: Ախալցխայում ծնվել է Հայաստանի գիտ. վաստ. գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանագետ-բանասեր, պրոֆ. Արամ Ղանալանյանը: Մեծ վաստակ ունի բանահյուսական տեքստաբանության և գրական առանձին ժանրերի գիտական հետազոտության բնագավառում: Գրառել և հրատարակել է «Սասնա ծռերի» երկու պատում, Մանուկ Աբեղյանի և Գևորգ Աբովի հետ կազմել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը: Հայտնի են նրա «Հայ ժողովրդական հեքիաթներ», «Առածանի», «Ավանդապատում» ժողովածուները: Մահացել է 1983-ին Երևանում:
1918: Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25000-անոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ: Մինչև մարտի կեսերը թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Դերջանը և Էրզրումը: Առջևում Սարդարապատի հերոսամարտն էր:
1919: Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գյխավորած հայկական պատվիրակությունները Ֆրանսիայի արտգործնախարար Պիշոնի առաջարկով պատրաստեցին և Փարիզի կոնֆերանսին ներկայացրին «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրույթներն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայերի կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը:
1921: Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու «Չեզոք գոտու» բնակչության ապստամբությունը, որը տևեց 4 օր և ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով:
1935: Լոռու Ահնիձոր գյուղում ծնվել է ԽՍՀՄ և Հայասանի պետ. մրցանակների դափնեկիր, տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը: Նրա ստեղծագործությունների և կինոսցենարների հիման վրա նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» ֆիլմերը, բեմադրվել «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացումը: Մաթևոսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Անվանի գրողը մահացավ կյանքի 67-րդ տարում՝ 2002-ի դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը:
1941: Երևանում ծնվել է Հայաստանի ժող. արտիստ, բալետի արտիստ և պարուսույց Վիլեն Գալստյանը: Արժանացել է Հայաստանի պետ. մրցանակի, դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի առաջին մրցանակին և ոսկե մեդալի:
1988: Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին զանգվածային ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով: 1992-ին ԼՂՀ ԳԽ խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»:
___
1955 թ. փետրվարի 12-ին խորհրդային կառավարությունը որոշում ընդունեց Բայկոնուր տիեզերակայանի ստեղծման մասին:
Այսօր ԱՄՆ-ում նշվում է Աբրահամ Լինքոլնի օրը: Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ, մասնագիտությամբ փաստաբան Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թ. այս օրը: Նա ամերիկյան ժողովրդի ազգային հերոսն է, նրա հեղափոխական ավանդների կրողը: