1921: Դաշնակցության զինված ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը Խորհրդային Հայաստանի դեմ:
___
1770: Ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, 1843-ից Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: Լինելով Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ՝ հիմնել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմում կազմակերպել է հայկական կամավորական գումարտակներ, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը: Պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, մեծ դեր է կատարել հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավար պետություն ստեղծելու նրա ձգտումները, սակայն, շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը: Գեներալ Պասկևիչի սադրանքով Ներսես Աշտարակեցին Անդրկովկասից հեռացվել է Բեսարաբիա: 73 տարեկանում ընտրվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ վերադարձել է Էջմիածին, դիմադրել հայ եկեղեցու դեմ ցարական կառավարության ոտնձգություններին, ծավալել կրթական և շինարարական գործունեություն: Վախճանվել է 1857-ին Վաղարշապատում, իր ծննդյան օրը՝ փետրվարի 13-ին: Ապրել է 87 տարի:
1857: Ագուլիսում ծնվել է տնտեսագետ, հրապարակախոս, գրականագետ, հաս. գործիչ Ավետիք Արասխանյանը: Հիմնել ու խմբագրել է «Մուրճ» ամսագիրը, որի էջերում հյուրընկալել և խրախուսել է հայ գրողների մի ամբողջ սերնդի՝ Շանթ, Դեմիրճյան, Միքայել Մանվելյան, Հակոբ Հակոբյան… Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա եղել Ախալքալաքի հայկական ծխական դպրոցի տեսուչ: Մահացել է 1912-ին Ախալքալաքում:
1883: Վլադիկավկազում ծնվել է ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ, մանկավարժ Եվգենի Վախթանգովը: Հիմնադրել ու ղեկավարել է Ուսանողական դրամատիկական ստուդիան, որը հետագայում՝ նրա մահից հետո արդեն դարձել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն: Թեև ապրել է ընդամենը 39 տարի, բայց ծավալել է շատ բուռն ու բեղմնավոր գործունեություն: Դեռևս ծննդավայրում առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել Սիրանույշի ու Հովհաննես Աբելյանի խաղը, ապա Մոսկվայում է շարունակել շփումները հայ դերասանների հետ: Նրա ռեժիսորական արվեստը բարերար ազդեցություն է գործել Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի և հատկապես Վարդան Աճեմյանի թատերական գործունեության վրա: Մահացել է 1922-ին Մոսկվայում:
1885: Փետրվարի 13-ին ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
1896: Տրապիզոնում ծնվել է սիրված դերասան, հանրապետության վաստ. արտիստ, Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի և հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից Համբարձում Խաչանյանը: Հուզիչ և գեղարվեստորեն հավաստի կերպարներ է կերտել թե՛ բեմում, թե՛ կինոյում՝ Աբիսողոմ աղա, Պաղտասար, Շոր, Նազար, Խեչան, Կիկոս, Դարչո… Ապրել է 48 տարի:
1909: Երևանում ծնվել է Հայաստանի գիտ. և տեխ. վաստ. գործիչ, ճարտարագետ-հիդրոշինարար, Հայաստանի վաստ. շինարար, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆ. Սիմոն Հովնանյանը: Նրա նախագծով և ղեկավարությամբ կառուցվել է Երևանի Հաղթանակի կամուրջը:
1945: Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Մոսկվա՝ կուսակցության ղեկավարությանը խնդրելով վերականգնել Վաղարշապատի նախկին անվանումը՝ Էջմիածին: Շուտով այդ խնդրանքը բավարարվեց:
1946: Լենինականում (այժմ՝ Գյումրի) ծնվել է պետ.-քաղ. գործիչ, ֆիզմաթ գիտ. թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության հիմնադիր և նախագահ, ՀՀՇ վարչության առաջին նախագահ Վազգեն Մանուկյանը: 1990-91 թթ. եղել է ՀՀ վարչապետ, ապա՝ պաշտպանության նախարար:
1959: Ախալքալաքի Ազավրեթ գյուղում ծնվել է ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանը: 1982-ին դարձել է աշխարհի գավաթակիր, եղել «Բարեկամություն-84» մրցաշարի հաղթող: 1983-ի Աշխարհի առաջնությունում արժանացել է «Լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի: 1987-89 թթ. եղել է Հայաստանի ընտրանու ավագ մարզիչ, 1999-2000 թթ.՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ:
___
1974: Գրող Ալեքսանդր Սոլժենիցինը զրկվեց խորհրդային քաղաքացիությունից և վտարվեց երկրից:
1975: Կիպրոսը բաժանվեց երկու մասի՝ թուրքական ու հունական: