Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում այսօր մեր ժողովրդի սիրելի տոներից մեկն է՝ Տյառնընդառաջը: Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից: Հայ ժողովուրդը դարեր ի վեր այս կրոնական ծեսին զուգակցել է ժողովրդական սովորույթներ, որոնցից մեկը այցելությունն է նորապսակներին:

___

1894: Շուշիում ծնվել է անվանի դերասան, ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ, Երևանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պետրոսյան): 1923-ից եղել է Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) դերասան, 1941- 44 թթ.՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայկական թատերական ընկերության վարչության նախագահ: Մահացել է 1959-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

1895: Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ) ծնվել է Վրաստանի վաստ. արտիստ, բանաստեղծ, դերասան Պահարեն (Հայկ Պետրոսյան): 16 տարեկանից աշխատել է Թիֆլիսի թատրոններում: Անձնավորել է շուրջ 200 դեր: Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների ու գիտական մենագրության: Մահացել է 1968-ին Երևանում:  Թաղված է Գավառում:

1897: Մոզդոկում ծնվել է հանրապետության ժող. արտիստ,պետ. մրցանակի դափնեկիր, թավջութակահար, պրոֆ. Սերգեյ (Սարգիս) Ասլամազյանը՝ Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրներից: Կոմիտասի մի շարք երգերի նրա մշակումները հայկական կվարտետային գրականության լավագույն նմուշներից են: Մահացել է 1978-ին Մոսկվայում:

1902: Սուրմալուի Բահառլու գյուղում ծնվել է նկարիչ-վերականգնող Հակոբջան Ղարիբջանյանը: 1934-ից վերականգնման աշխատանքներ է կատարել Մոսկվայի,

Թբիլիսիի և Երևանի թանգարաններում, կործանումից փրկել է արվեստի արժեքավոր գործեր: Նրա ստեղծագործությունների գերակշիռ մասը գտնվում է Երևանում՝ Ելենա Խուդոյանի հավաքածուում:

1908: Պետերբուրգում ծնվել է արևելագետ, հնագետ, պատմաբան, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին: Հայաստանում ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ, ուրարտական հուշարձաններ: Աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության հարցերին: Մահացել է 1990-ին:

1911: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Հովհաննես Արշարունին ուղերձով դիմեց Թուրքիայի արդարադատության նախարարին, որում տեղեկացնում էր հայաբնակ գավառներում թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:

1921: Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) սկսեց գործել շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:

1925: Արցախի Տումի գյուղում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ., լեզվաբան Սերգեյ Աբրահամյանը: Ղեկավարել է ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժինը: Աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքի ուսումնասիրմանը: Մահացել է 2005-ին:

1935: Շանհայում ծնվել է ֆիզմաթ գիտ. դ-ր պրոֆ., չին ֆիզիկոս Շի Յանը: Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը: Չորս տասնամյակից ավելի աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: 1987-92 թթ. եղել է ինստիտուտի բաժնի վարիչ: Ստեղծել և մշակել է նոր տեսություններ:

1958: Երևանում ծնվել է միջազգային գրոսմայստեր, շախմատի հայկական ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Եղել է ուսանողների աշխարհի առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկության, միջազգային մրցաշարերի հաղթող, ԽՍՀՄ երիտասարդական առաջնության կրկնակի, Հայաստանի քառակի չեմպիոն: 1999-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2000-ին ընտրվել է ՀԱՕԿ-ի անդամ: 2002-ին հիմնել է Հայաստանի շախմատի ակադեմիան: 2006-ի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

___

1992: Ստեղծվեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը՝ ԱՊՀ բարձրագույն զինվորական մարմինը: