1810: Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում Նապոլեոն կայսեր բարեհաճությամբ հիմնադրվեց հայոց լեզվի ամբիոն՝ Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:

1896: Վանում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, արձակագիր Ծերուն Թորգոմյանը (Դեղտրիկյան): Հայտնի գործերից են «Անմար կրակներ» և «Ալեկոծ ծովը» վեպերը:

1916: ԼՂ Ասկերանի շրջանի Ռև գյուղում ծնվել է ԽՍՀՄ հերոս, միլիցիայի փոխգնդապետ Սուրեն Պետրոսյանը: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Դնեպրի գետանցման ժամանակ եղել է օդադեսանտային գումարտակի հրամանատար, 2 ամիս գործել թշնամու թիկունքում, նպաստել խորհրդային զորքերի ռազմական գործողությունների հաջող ելքին, ինչի համար էլ արժանացել է հերոսի կոչման: Մահացել է 1996-ին Երևանում:

1870: Երևանում ծնվել է գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ, երգիծաբան Աշոտ Աթանասյանը: Հիմնադրել է Անդրկովկասում առաջին մասնագիտական «Գյուղատնտես» հանդեսը:

1885: Կ.Պոլսի Սիլիվրի գյուղում ծնվել է արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը (Չիլինկիրյան): Նրա ստեղծագործությունը անցյալ դարասկզբի արևմտահայ գրականության ինքնատիպ էջերից է: Արևմտահայ մյուս անվանի մտավորականների հետ 1915-ին դարձել է Մեծ եղեռնի զոհ:

1902: Ալաշկերտի Կարաքիլիսե գյուղում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, արձակագիր Հմայակ Սիրասը (Ոսկանյան): Հայերեն է թարգմանել ֆիննական «Կալևալա» էպոսը, ընտրվել Ֆինլանդիայի«Կալևալա» ընկերության պատվավոր անդամ: Մահացել է 1983-ին Երևանում:

1909: Շուշիում ծնվել է գրականագետ Արֆո (Արփենիկ) Պետրոսյանը: 1951-70 թթ. աշխատել է Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, եղել տնօրենի առաջին տեղակալ: Ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ սովետական գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները: 1970-ից եղել է «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրը: Մահացել է 1985-ին, Մոսկվայում:

1927: Աշտարակի Ավան գյուղում ծնվել է հանքային ջրերի հանքավայրերի հայտնաբերող, երկրաբան Ազատ Սարգսյանը: Կազմել է Հայաստանի երկրաբանական քարտեզը: նրա կազմած քարտեզի հիման վրա, 1966-ին Բջնի գյուղում կատարված հորատման ժամանակ ստացվեց 41 աստիճան տաքությամբ ածխաթթվային հանքային ջուր՝ այսօր աշխարհում հայտնի «Բջնին»:

1931: Մոսկվայում ծնվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, պետ. և քաղաքական գործիչ, ֆիզիկոս Յուրի Օսիպյանը:Եղել է Ռուսաստանի ԳԱ փոխնախագահ: Հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկության էֆեկտը: Մահացել է Մոսկվայում:

1937: Իրանի Լիվասիան քաղաքում ծնվել է քիմ. գիտ. դ-ր պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ թղթ. անդամ, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս Ազատ Նորավյանը: Ղեկավարել է իր իսկ նախաձեռնությամբ օրգանական քիմիայի ինստիտուտում բացված հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիան և ԵԲԻ ընդհանուր քիմիայի ամբիոնը: Աշխատանքները վերաբերում են տարացիկլերի ստացման սինթետիկ նոր եղանակներին ու ռեակցիաների մեխանիզմներին:

1965: Գյումրիում ծնվել է սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր, աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: Եղել է Կատարի ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ: Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ: 1987 թ. մայիսին նրա սահմանած Եվրոպայի ռեկորդը՝ 8 մ 86 սմ-ն, մինչև այժմ չի գերազանցվել: Ի դեպ, նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում։

___

1903: Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ,«Յումանիտե» թերթի հիմնադիր Ժան Ժորեսը Փարիզում հանդես է եկել ճառով, որով անխնա քննադատել է աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը: «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շրջվի մեռյալ կետից,-ասել է Ժորեսը:- Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը… Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր: 7 տարի առաջ Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը,- ասված էր Ժորեսի ճառում,- խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները, որ կատարվեցին Թուրքիայում»: