1959: Ծնվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Սպանվել է 1992 ապրիլի 14-ին: Մահից հետո լույս ընծայվեց նրա «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում» գիրքը:

___

1560 թվականի փետրվարի 16-ին Մեծի  Տանն Կիլիկիո կաթողիկոս է օծվել Խաչատուր 2-րդ Երաժիշտը (Խաչիկ Ուլնեցի): Ապարդյուն փորձել է հռոմեական եկեղեցուն դավանաբանական զիջումների գնով հասնել Կիլիկիայի հայության քաղաքական կացության բարելավմանը:

1829: Ծնվել է ուկրաինացի պատմաբան և հնագետ Իզիդոր Շարանևիչը: Անդրադարձել է Ուկրաինայի հայ գաղթավայրերի առաջացմանը, հայերի արտագաղթի պատճառներին:

1874: Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում ծնվել է բանաստեղծ, մանկավարժ Ռուբեն Որբերյանը: 1920-ին հաստատվել է Փարիզում, աշխատակցել  տեղի հայկական պարբերականներին, դրանցում նաև տպագրվել են նրա վիպակներն ու պատմվածքները: Ստեղծագործության հիմնական թեման հայրենիքն ու հայրենաբաղձությունն են: Թարգմանել է Բայրոնի երկերից:Մահացել է  1931-ին Փարիզում:

1875: Իգդիրում ծնվել է Հայաստանի վաստ. բժիշկ, Հայաստանում ակնաբուժության հիմնադիրներից Հայկ Կանայանը: Սովորել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, ավարտել Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Կազմակերպել է  ԵՊՀ բժշկական ֆակուլտետի աչքի հիվանդությունների ամբիոնը և կլինիկան, մշակել միջոցառումների ծրագիր՝ Հայաստանում աչքի հիվանդություններով տառապողներին ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար: Մահացել է 1950-ին Երևանում:

1894:  Արցախի Ծակուռի գյուղում ծնվել է  հիդրոտեխնիկ Գերասիմ Զուրաբովը: ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել հիդրոտեխնիկական թունելների նախագծման տեխնիկական նորմերը,  Լենինգրադում  կառուցել  երկաթբետոնե 6 կամուրջ:   Մահացել է 1958-ին Լենինգրադում:

1913:  Արդահանում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, մեխանիկ Բենիամին Աբրահամյանը՝ հանրապետությունում առաձգականության մաթեմատիկական տեսության գիտական դպրոցի հիմնադիրներից:

1915: Թիֆլիսում ծնվել է հանրապետության ժող. արտիստ, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Եվգենյա Խաչիկյանը:  Լավագույն դերերից են Նատաշա, Արևիկ, Աիդա, Չիո Չիո սան, Շուշան: Մահացել է 1991-ին Երևանում:

1921 թվականի այս օրը նախկին, այսպես կոչված,«Չեզոք գոտի» Լոռին միացավ Հայաստանին:

1935: Գյումրիում ծնվել է հանրապետության ժող. արտիստ, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Հենրիկ Ալավերդյանը: Բացի դերերգերից նաև նկարահանվել է «Հայֆիլմում» («Սպիտակ անուրջներ», «Մենավոր ընկուզենին», «Հրդեհ»): Մահացել է 1989-ին Երևանում:

1937: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ծնվել է ֆիզմաթ գիտ. դ-ր պրոֆ.,   ԳԱԱ ակադեմիկոս  Ալպիկ Մկրտչյանը: Հայտնաբերել է մի շարք երևույթներ: Ցանկացած բյուրեղային ցանցի տարածական պատկերն ստանալու նրա հայտնաբերած երևույթը    հայտնի է «Ալպիգրամ» անունով:

1937: Սիրիայի Յօղունօլուք գյուղում ծնվել է սփյուռքահայ բանաստեղծ Վահրամ (Ժոզեֆ) Հաճյանը: Ստեղծագործությանը բնորոշ են հայրենիքի և սիրո  մոտիվները:

1961: Ախալքալաքում ծնվել է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Գիտական ուսումնասիրությունների շրջանակներն ընդգրկում են Արևմտյան  Հայաստանի, Ջավախքի պատմական ժողովրդագրության հարցերը:  2003-ին պարգևատրվել է ՀՀ  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

1992:  Ադրբեջանական կողմը Շուշիից «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց Ստեփանակերտը (300 արկ): Գրանցվեցին մեծաթիվ ավերածություններ և մարդկային կորուստներ:

___

Առաջին աշխարհամարտում՝ 1916 թվականի  այս օրը, ռուսական զորքերը գրավեցին  Էրզրումը:

1959: Կուբայի կառավարության ղեկավար դարձավ Ֆիդել Կաստրոն:

1999: Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարեց Հոլոքոստի զոհերի օգնության հիմնադրամ ստեղծելու մասին: