1992: Արցախի ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ղարադաղլուի (Վարանդա) ադրբեջանական ռազմական հանգույցը (ԼՂՀ Մարտունու շրջան):

___

440 թ. այս օրը Վաղարշապատում, մոտավորապես 78 տարեկան հասակում, վախճանվել է հայ գրերի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի, հայ թարգմանական գրականության հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային և հասարակական գործիչ, հայ եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը: Նրա դին իշխան Վահան Ամատունու ջանքերով տեղափոխվել և հողին է հանձնվել Օշականում: 3 տարի անց նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Ավելի քան 1450 տարի անց՝ 1875-79 թթ., այդ եկեղեցու տեղում կառուցվել է նորը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որի խորանի բեմատակում Մաշտոցի գերեզմանն է: Հայ եկեղեցին Մեսրոպ Մաշտոցին դասել է իր սրբերի շարքը: Մաշտոցի անունով են կոչվում Հայաստանի և սփյուռքի պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ: 1962-ից Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Երևանի Մատենադարանը: Օշականի ճանապարհին կանգնեցված է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող: 1993-ին ՀՀ-ում սահմանվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

___

1894: Ռուսաստանի Տագանրոգ քաղաքի դատարանը հաստատեց հայ հասարակական գործիչ Գևորգ Տիգրանյանի կտակը, որի համաձայն սահմանվում է երկու գրական մրցանակ՝ երկու հազարական ռուբլի գումարով: Այն ժամանակների համար այդ պատկառելի գումարները տրվելու էին առաջինը՝ հայերենի արմատական, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի հոմանիշների բառարան ստեղծողին:

1999: ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Սենատը բանաձև ընդունեց ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին:

1824: Կ. Պոլսում ծնվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, դրամագետ Կղեմես Սիպիլյանը (աշխարհիկ անունը՝ Մկրտիչ): Շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ և դրամագիտական նյութեր: Սիպիլյանի «Դասավորություն Ռուբենյան դրամոց» աշխատության մեջ, որը որոշ լրացումներով հրատարակվել է նրա մահվանից 14 տարի անց՝ 1892-ին, մշակված, դասակարգված և ժամանակագրված է 3 հազար կիլիկյան դրամ: Մահացել է Դիարբեքիրում:

1874: Թիֆլիսում ծնվել է քաղ. և պետ. գործիչ, մասնագիտությամբ բժիշկ, ՀՅԴ անդամ Ալեքսանդր Խատիսյանը: Եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ, 1914-ից՝ նաև Կովկասի քաղաքների միության նախագահ: 1915-17 թթ.՝ Հայոց ազգային բյուրոյի փոխնախագահ: 1917-ին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ, մեկ տարի անց՝ Անդրֆեդերացիայի ֆինանսների նախարար: 1918 թ. նոյեմբերից եղել է Հայաստանի Առաջին հանրապետության արտգորնախարար, ապա՝ վարչապետ, մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի հաշտության բանակցություններին: 1920 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումից հետո վտարանդվել է: Ապրել է Փարիզում, որտեղ շարունակել է քաղաքական գործունեությունը. Մահացել է 1945-ին:

1913: Բաքվում ծնվել է հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, ԽՍՀՄ վաստ. մարզիչ Արտաշես Կարապետյանը: Ըմբշամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանից: 21 անգամ հանդես է եկել ԽՍՀՄ առաջնություններում: 1949-52 թվականներին ղեկավարել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի, բռնցքամարտի և ծանրամարտի ամբիոնները: 1953-ին աշխատել է Մոսկվայի «Իսկրա» մարզական ընկերության կենտրոնական խորհրդի ավագ մարզիչ: Մահացել է 1999-ին Մոսկվայում:

1924: Դոնի Ռոստովում ծնվել է  խորհրդային լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանը: 46 տարի աշխատել է արտասահմանյան երկրներում որպես անլեգալ հետախույզ: Ակտիվ մասնակցություն է ունեցել գերմանաֆաշիստական հետախուզության գործակալներին վնասազերծելու գործում: 1943 թ. նոյեմբերին ապահովել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգությունը: (տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնել իր պապի կյանքը փրկելու համար)։ Վարդանյանի անունը ոսկե տառերով դրոշմվել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հուշատախտակին վերջին 100 տարվա 70 հետախույզների շարքում: 1992-ից կնոջ՝ իր համախոհի և գործընկերոջ Գոհարի հետ ապրել է Մոսկվայում: Այստեղ՝ Տրոեկուրովսկի գերեզմանատանը կանգնեցվել է Գևորգ Վարդանյանի հուշարձանը: Ի դեպ, Կարմիր դրոշի շքանշանակիր Գոհար Վարդանյանը 2013-ին պարգևատրվեց ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով:

1947: Լենինականում (այժմ՝ Գյումրի) ծնվել է անվանի նավամոդելիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ և Հայաստանի սպորտի վաստ. վարպետ, Հայաստանի վաստ. մարզիչ, նավամոդելային սպորտի աշխարհի ութակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, մարզիչ և ճարտարագետ Հրաչյա Շահազիզյանը: 1997-ին հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԿԳՆ տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնը: 1991-ից ղեկավարում է Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիան: Ընտրվել է նավամոդելային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի անդամ: Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է նաև նրա որդին՝ Բաբկեն Շահազիզյանը: Ի դեպ, աշխարհի նավամոդելային առաջնության մասնակիցներից Հայաստանը միակ երկիրն է, որ չունի համապատասխան ջրային տարածք՝ այս արագընթաց մոդելների փորձարկման համար: