1994: Փետրվարի 18-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին երկու ամիս առաջ կորցրած Օմարի լեռնանցքը:

___

1868: Տրապիզոնում ծնվել է քաղ. և պետ. գործիչ Գրիգոր Վարդանյանը: 1895-ին թուրքական ոստիկանության կողմից դատապարտվել է 15 տարվա տաժանակրության: Մեկ տարի անց ընդհանուր ներմամբ ազատվել և արտաքսվել է Ռուսաստան: Ապրել և աշխատել է Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում: Հրատարակել է «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ» թերթերը, աշխատակցել այլ պարբերականների: Կազմակերպել է Թավրիզից 6000 հայ գաղթականների վերադարձը Զանգեզուր: Եղել է ՀՕԿ պատասխանատու քարտուղար, ապա՝ գլխավոր վարչության նախագահ: Մահացել է 1938-ին:

1877: Ախալքալաքում ծնվել է հայ արձակագիր, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրչօղլյան)։ Հայ դասական գրականության մնայուն գործերից են նրա «Վարդանանք» պատմավեպը, «Քաջ Նազար» կատակերգությունը, «Ավելորդը» պատմվածքը: Մահացել է 1956-ին: Երևանում գործում է Դեմիրճյանի տուն-թանգարանը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է նրա անունով:

1879: Կ.Պոլսում Մինաս Չերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ հիմնադրեցին «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպությունը: Նպատակն էր, հիմնադիրների խոսքերով, «ազգային դաստիարակությունն ընդհանրացնել Կիլիկիո մեջ»: Ընկերությունը նյութապես աջակցում էր «Սուրբ Վարդանյան ընկերության» Հաճընում բացած վարժարաններին, դրանք ապահովում ուսուցիչներով, նոր դպրոցներ բացում Զեյթունում, Մարաշում, Այնթապում, Սիսում: 1880-ին «Կիլիկյան ընկերությունը» միավորվեց «Արարատյան ընկերություն հայոց»-ի և Դպրոցասիրաց Արևելյան ընկերության հետ՝ կազմելով «Միացյալ ընկերություն հայոց»-ը:

1887: Թավրիզում ծնվել է ականավոր ռազմական գործիչ, կորպուսի հրամանատար, ռազմական արվեստի տեսաբան և պրոֆեսոր, փառաբանված «Երկաթե դիվիզիայի» հրամանատար Հայկ Բժշկյանը (Գայ): Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը, քաղաքացիական պատերազմին: Եղել է Խորհրդային Հայաստանի ռազգործժողկոմ, ռազմական կոմիսար: Անհիմն գնդակահարվել է 1937-ի դեկտեմբերին, հետագայում արդարացվել: Գայի և նրա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկ քաղաքում, նրա անունը շնորհվել է Երևանի սպայի տանը և դպրոցներից մեկին: Մայրաքաղաքի Հանրապետության փողոցի N37 շենքի պատին փակցված է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Գայի ծննդյան 90-ամյակի օրը՝ 1977-ին, Երևանում բացվեց նրա հուշարձանը:

1897: Հիմնադրվել էր Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն կենտրոնը՝ Գյումրիի երկաթուղային հանգույցը: Մոտ երկու տարի անց՝ 1899-ի փետրվարի 18-ին Թիֆլիսից Գյումրի (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ) ժամանեց առաջին երկաթուղային գնացքը:

1906: Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում ծնվել է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը: Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, Երկրորդ աշխարհամարտում պատմական նշանակություն ունեցած բազմաթիվ խոշոր մարտերի: Պատերազմից հետո ևս վարել է պատասխանատու պաշտոններ: Գրել է ռազմահուշագրական գրքեր: Մահացել է 1977-ին Մոսկվայում:

1912: Խնուսի գավառի Էլպիս գյուղում ծնվել է Հայաստանի ժող. արտիստ Ժան Էլոյանը: 1958-ից մինչև կյանքի վերջը (1984) խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Իր անձնավորումներում շեշտել է ժողովրդական հումորը և բնութագրական հնչերանգները, կերտել հերոսական խառնվածքներ: Մեծ ճանաչում է ունեցել իբրև ասմունքող:

1913: Թուրքմենիայի Մարի քաղաքում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթունցը՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի կրտսեր եղբայրը: Գրել է երաժշտական կատակերգություն, սիմֆոնիկ պոեմներ, էստրադային-սիմֆոնիկ պատկերներ, երգեր, ռոմանսներ, կինոերաժշտոթյուն: Մահացել է 1990-ին Երևանում:

1914: Արցախի Մինգրելսկ (Քմքաձոր) գյուղում ծնվել է ԽՍՀՄ հերոս, փոխգնդապետ Գրիգոր (Գուրգեն) Հայրապետյանը: Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: Հերոսի կոչման է արժանացել Մաներհայմի գծի ճեղքման ժամանակ՝ 1940-ի ապրիլի 7-ին: Պատերազմից հետո ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Պաշտոնաթող է եղել 1960-ին: Մահացել է 1998-ին Երևանում:

1944: Ասկերանի շրջանի Հարավ գյուղում ծնվել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը (Միսաք Ավանեսյան): Եղել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետ. դրամթատրոնի տնօրեն, ԼՂ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի, «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում՝ «Արցախ») թերթի գլխավոր խմբագիր: Հեղինակ է տասնյակից ավելի ժողովածուների: 1990-ին արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի:

2005: ԱՄՆ-ի Նյու Ջերսիի հիվանդանոցներից մեկում վախճանվեց սփյուռքահայ գրող, խմբագիր, հրապարակախոս, Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից Անդրանիկ Փոլադյանը: Ավելի քան 50 տարի խմբագրել է «Նոր օր», «Պայքար» թերթերը, եղել է ՀԲԸՄ կրթական հանձնաժողովի ատենապետ, Մարաշի հայրենակցական միության ղեկավարներից: «Խրիմյան Հայրիկ» երկլեզու աշխատության և «Պատմություն Արաբկիրի հայոց» ծավալուն երկի հեղինակն է: