Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1869-ին Լոռու Դսեղ գյուղում: Նա հայ ժողովրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների խոշորագույն կրողն ու մարմնավորողն է: Թումանյանի պոեզիայի շնորհիվ վեր հառնեց մեր ժողովրդական կյանքի տարերքում թաքնված բանաստեղծականն ու գեղեցիկը: Նրա ողջ ստեղծագործությունը համակված է համազգային վեհ գաղափարներով: Հայ արձակի գլուխգործոցներից է Թումանյանի «Գիքորը» պատմվածքը: Նրա անզուգական «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանի համանուն օպերան հայ դասական օպերային արվեստի կատարելություններից մեկն է: Մեր ժողովրդական հեքիաթների թումանյանական մշակումները ազգային բանահյուսության գոհարներ են: Թումանյանական խոհափիլիսոփայական քառյակներն իրենց չհնացող իմաստնությամբ ուղեկցում են մեզ սերնդեսերունդ: Ազգին ծառայելն էր մեծ բանաստեղծի հավատամքը թե՛ արվեստում, թե՛ ազգային-հասարակական գործունեության մեջ: Ապրել է 54 տարի: Մահացել է Մոսկվայում: Աճյունն ամփոփված է Թբիլիսիի հայկական պանթեոնում, իսկ սիրտը՝ Դսեղում:

1953-ին՝ բանաստեղծի մահվան 30-ամյակի տարում, Երևանում բացվել է նրա թանգարանը: Ի պատիվ մեծ բանաստեղծի ծննդյան օրվա՝ 2008-ից Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ փետրվարի 19-ը ՀՀ-ում հայտարարվել է գիրք նվիրելու օր:

___

1876: Մցխեթի Դուշեթ քաղաքում ծնվել է Հայաստանի և Վրաստանի ժող. արտիստ, դերասան Իսահակ Ալիխանյանը: Խաղացել է Բաքվի, Թիֆլիսի, Նոր Նախիջևանի հայկական թատրոններում: 1921-ին տեղափոխվել է Երևան, բեմադրել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) անդրանիկ ներկայացումը՝ Գ. Սունդուկյանի «Պեպոն»: Հայ դերասաններից առաջինն է արժանացել Հայաստանի ժող. արտիստի կոչմանը:  Մահացել է 1946-ին Թբիլիսիում:

1820: Կ.Պոլսում ծնվել է պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան Հովսեփ (Ավետիք) Գաթըրճյանը: 21 տարեկանում Վիեննայում ձեռնադրվել է Մխիթարյան միաբանության քահանա, եղել Պոլսի Մխիթարյան միաբանության վարիչ: Վիեննայում հրատարակել է հայ իրականության մեջ համաշխարհային պատմության առաջին ձեռնարկը՝ «Տիեզերական պատմությունը»: Ցավոք, նրան հաջողվել է լույս ընծայել ծրագրված 5-հատորյակի միայն առաջին երկու հատորը: Վախճանվել է 1882-ին Կ. Պոլսում:

1907: Թիֆլիսում ծնվել է Հայաստանի վաստ. արտիստ, հայկական բալետի հիմնադիրներից Սարգիս Սարգսյանը: Եղել է Լենինգրադի, Թիֆլիսի և Երևանի օպերային թատրոնների մենապարող: Մահացել է 1992-ին Երևանում:

Մահվան տարելից: 1931 թ. այս օրը՝ 76 տարեկան հասակում, Թիֆլիսում վախճանվեց ռուսական բանակի գեներալ-մայոր, Թովմաս Նազարբեկովը (Նազար-բեկյան): Մարտական փայլուն հաղթանակներ է տարել ռուս-ճապոնական ու ռուս-թուրքական պատերազմներում: Յոթ անգամ արժանացել է շքանշանի, պարգևատրվել ոսկե սրով: Առաջին համաշխարհայինի տարիներին նրա դիվիզիայի կազմում էր կռվում Անդրանիկի հայկական կամավորական ջոկատը: Նրա ընդհանուր հրամանատարությամբ 1918-ին հայկական զորքերն ու կամավորները կասեցրին թուրքական զորքերի առաջխաղացումը Ղարաքիլիսայի և Սարդարապատի ճակատամարտերում: 1919-ին նշանակվել է նորաստեղծ հանրապետության ռազմական խորհրդի նախագահ և զորահրամանատար: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921-ին, բռնադատվել է, մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Աքսորից վերադարձել է նույն 1921-ին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Ներումից հետո ապրել է Թիֆլիսում, որտեղ էլ մահացել է: Նրա անունով է կոչվել Երևանի Նազարբեկյան թաղամասը: ՀՀ ՊՆ-ն սահմանել է մեդալ։

1933: Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) ծնվել է բժշկ. գիտ. դ-ր, պրոֆ., ՌԴ բժշկատեխնիկական և ինտեգրատիվ մարդաբանության միջազգային ԳԱ-ների ակադեմիկոս, ՌԴ արդարադատության նախարարության գիտ. խորհրդատու, ՌԴ պետ. մրցանակի դափնեկիր Գուրգեն Փաշինյանը: Եղել է Մոսկվայի բժշկաստոմատոլոգիական ինստիտուտի դատաբժշկական ամբիոնի վարիչ: Ղեկավարել է Ռուսասատնի վերջին ցար Նիկոլայ Երկրորդի և նրա ընտանիքի անդամների մնացորդների ինքնությունը որոշող հանձնաժողովը: Հեղինակ է 10 մենագրության, 150 հոդվածի, դատաբժշկական փորձաքննության մասին բուհական դասագրքի:

2004 թ. այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիզ Սաֆարովի ձեռքով գազանաբար սպանվեց (կացնահարվեց) ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հայ բանակի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:

___

1878 թ. փետրվարի 19-ին Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը: Հաս. և պետ. գործիչներ, ակնեցի նշանավոր մտավորականներ Տատյանները 18-րդ դարում հաստատվել էին Կ. Պոլսում: Տոհմի նահապետը՝ Առաքելը, ստացել էր ամիրայի կոչում և նշանակվել Թուրքիայի արքունի վառոդապետ: Արքունի վառոդապետ են եղել նաև Սիմեոն, Հովհաննես, Պողոս Տատյանները: Այդ պաշտոնի վերանալուց հետո էլ գերդաստանը տվել է գիտնականներ, ճարտարապետներ, արքունիքում էական դեր խաղացող բարձրաստիճան պաշտոնյաներ: Այնուհետև շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են օսմանյան զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը: Նրանք հովանավորել և օգնել են պոլսահայ մտավորականներին՝ Պարոնյանին, Սվաճյանին, մխիթարյան հայրերին: Ուսումնասիրողները սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյանի դար»: