1856: Վաղարշապատում ծնվել է անվանի կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանը: Լայն ժողովրդականություն են վայելում նրա «Պատարագը», ժողովրդական երգերի մշակումները: Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմեն Տիգրանյանը, Տիգրան Նալբանդյանը: Մահացել է 1905-ին Թիֆլիսում:

1872: 21 տարեկան հասակում թոքախտից մահացավ տաղանդավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանը՝ «Սկյուտարի սոխակը»: Ծնվել է 1851-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում:

1881: Վանում ծնվել է նկարիչ Հովհաննես (Ժան) Ալխազյանը: Էտյուդներ և բնանկարներ է ստեղծել Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Նրա 200-ից ավելի գործեր հանգրվանել են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է 1958-ին Փարիզում:

1885: Շամախիում ծնվել է անվանի գրող Կոստան Զարյանը (Եղիազարյան): Նա, Ալ. Շիրվանզադեն և Հովհ. Աբելյանը երեք քույրերի որդիներ են: Ավարտել է Բրյուսելի համալսարանը, հրատարակչական գործունեություն ծավալել Վենետիկում, Պոլսում: 1922-ին տեղափոխվել է Երևան: Նշանակալից գործերից են նրա «Տատրագոմի հարսը» պոեմը և «Նավը լեռան վրա» վեպը: Մահացել է 1969-ին Երևանում:

1910: Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում ծնվել է գրող և հրապարակախոս Հրաչյա Քոչարը (Գաբրիելյան): Եղել է «Ռյա Թազա» թերթի, «Սովետական գրականություն», «Ոզնի» ամսագրերի գլխավոր խմբագիր: Քոչարի ստեղծագործական նվաճումներից է «Սպիտակ գիրքը» ժողովածուն, որի անզուգական «Նահապետ» վիպակի հիման վրա կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը «Հայֆիլմում» նկարահանել է նույնանուն գեղարվեստական կինոնկարը: Ի դեպ, թե՛ «Սպիտակ գիրքը», թե՛ «Նահապետը» արժանացել են Հայաստանի պետական մրցանակի: Հր. Քոչարը գրել է նաև «Հյուսիսային ծիածան» կինոնկարի սցենարը:

1921թ., փետրվար: Բեռլինում ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ գերմանացի աստվածաբան, հասարակական մեծ գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Յոհաննես Լեփսիուսը ելույթ է ունեցել երիտթուրքերին մերկացնող ճառով: Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակեց Հայաստանի վերաբերյալ մեծաթիվ կարևոր փաստաթղթեր: 1919 թ. փետրվարին Կ. Պոլսում Լեփսիուսը գրել է «Հայաստանի ջարդերը» հոդվածը: Այնուհետև՝«Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը հրապարակելուց հետո, Լեփսիուսը ստիպված էր տարագրվել չեզոք Հոլանդիա, ուր շարունակել է հայանպաստ գործունեությունը: Նույն թվականին լույս տեսած «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թթ.» ժողովածուում փաստական նյութերով ապացուցել է, որ հայոց ցեղասպանության իրագործման մեջ իր բաժինն ունի նաև Գերմանիան:

1928 թ. այս օրը Կ.Պոլսում մահկանացուն է կնքել աստղագետ, մանկավարժ, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Ֆրանսիայի աստղագիտական ընկերության անդամ Խորեն Սինանյանը: Ծնվել է Կուտինայում: 1894-ին աստղադիտակով հայտնագործել է Լուսնթագ մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը գյուտը չի հաստատել: Հետաքրքիր աշխատություններ ունի կենդանակերպի լույսի, երկնային լուսատուների շարժման վերաբերյալ: Առաջարկել է օրացույցի ինքնատիպ նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն ամսաթվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը: