1666: Հիմնադրվեց Մոնրեալ քաղաքը: Կանադայի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքում հայերը հաստատվել են 19-րդ դարի վերջից, իսկ ձևավորված հայկական համայնքը գոյացել է 20-րդ դարի կեսին: 1998 թ. տվյալներով 1 միլիոնանոց Մոնրեալում բնակվում էր 27 հազար հայ: Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ և այլն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, ՀԲԸՄ, ՀՕՄ-ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկական երկու դպրոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Հակոբ առաքելական եկեղեցիները, Նարեկ հայ կաթոլիկ եկեղեցին, իր ժողովարաններն ունի հայ ավետարանական համայնքը։ Եկեղեցիներին կից կան մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վարչությունը, Կանադահայ բժիշկների միությունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամեր։ Լույս են տեսնում շաբաթաթերթեր։

___

1877: Թիֆլիսում ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր, մանկավարժ, խորհրդահայ թատրոնի կազմակերպիչներից Ստեփան Քափանակյանը:  Լևոն Քալանթարի հետ հիմնադրել է Թիֆլիսի պետական «Որոնումների թատրոնը», որը հետագայում դարձել է Երևանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) հիմքը: Ղեկավարել է Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոնները, ռուսաց լեզու և բեմական խոսք  դասավանդել Ներսիսյան դպրոցում և դրամատիկական ստուդիաներում: Մահացել է 1944-ին, Թբիլիսիում:

1895: Շուշիում ծնվել է գլխուղեղի բջջակերտվածքի ուսում-նասիրման խորհրդային դպրոցի հիմնադիր, բժշկ. գիտ. դ-ր պրոֆ., ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, նյարդաֆիզիոլոգ Սիմեոն Սարկիսովը (Սիմոն Սարգսյան): Եղել է արտասահմանյան բազմաթիվ երկրների նյարդախտաբանների գիտական ընկեությունների անդամ: Աշխատությունները վերաբերում են գլխուղեղի կեղևի կառուցվածքային առանձնահատկություններին: Մահացել է 1971-ին Մոսկվայում:

1904: Թիֆլիսում ծնվել է աշխարհահռչակ ֆիզիկոս, ԽՍՀՄ պետ. մրցանակի եռակի դափնեկիր, ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը՝ անվանի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ավագ եղբայրը: Եղել է միջուկային ֆիզիկայի խորհրդային դպրոցի և ԽՍՀՄ-ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծման հիմնադիրներից, տիեզերական ճառագայթների հետազոտման բնագավառում կատարել է մի շարք հիմնարար բացահայտումներ, ստեղծել ԽՍՀՄ առաջին միջուկային ռեակտորը: Մահացել է 1970-ին Մոսկվայում:

1907: Վերակառուցվելուց հետո բացվեց Երևանի հայտնի «Ջանփոլադյանի թատրոնը», որը դարձավ քաղաքի գլխավոր թատերաշենքը: Տեղական ուժերից բացի, նրա բեմում հանդես են եկել Սիրանույշի, Աբելյանի, Զարիֆյանի և ուրիշ հայտնի թատերախմբեր: 1913-ին այստեղԵրևանում առաջին անգամ, ներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հետագայում այդ շենքում տեղավորվեց Գայի (այժմ՝ Վազգեն Սարգսյանի) անվան սպայի տունը:

1921: Կ. Պոլսում ծնվել է ԽՍՀՄ ժող. արտիստ, օպերային երգիչ (դրամատիկական բարիտոն) Միհրան Երկաթը: Մեներգել է Կահիրեի Թագավորական և Մոսկվայի Մեծ, Ալեքսանդրիայի «Ալհամբրա» օպերային և Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոններում: Մահացել է 1986-ին Երևանում:

1925: Երևանում ծնվել է արվեստագիտության դ-ր, թատերագետ Բաբկեն Հարությունյանը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Գրել է խորհրդահայ թատրոնի պատմությունը ռուսերեն լույս տեսած վեցհատորյակում: Եղել է Մոսկվայում 5 հատորով հրատարակված «Թատերական հանրագիտարանի» գիտ. խորհրդատու: Հայ թատերագրության մեջ լուրջ ներդրում են Հարությունյանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» երկհատոր և «19-20-րդ դդ. հայ թատրոնի տարեգրություն» եռահատոր աշխատությունները, որոնք ընդգրկում են 1801-1922 թվականներն ընկած ժամանակամիջոցում հայ թատերարվեստի փաստագրական պատմությունը:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվեց պատմական որոշում՝ մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ: Սկիզբ առավ Արցախի ազատագրության պայքարը, որը համայն հայության միասնական և հաստատակամ ջանքերի շնորհիվ ավարտվեց հաղթանակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անկախ պետության ստեղծմամբ: Նույն օրը կայացավ արցախյան առաջին ցույցը Երևանում:

___

1835: Այս օրը Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվեց հինգ հազար մարդ: Մեծ բնագետ Չարլզ Դարվինը, որ վկա էր այդ աղետին, իր տեսածները հետագայում օգտագործեց էվոլյուցիոն տեսությունը հիմնավորելիս:

1986: Ուղեծիր դուրս բերվեց խորհրդային «Միր» ուղեծրակայանը, որը հետագայում դարձավ միջազգային կայան և տիեզերքում գործեց 15 տարի: