Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ ներկայումս մոլորակի կենդանի լեզուներից 6700-ը գտնվում են անհետացման եզրին:
___
1019: 27 տարի Հայոց կաթողիկոսական գահին իշխելուց հետո հրաժարական ներկայացրեց և Պետրոս Առաջին Գետադարձին իրեն հաջորդ օծեց Սարգիս Առաջին Սևանցի Հայոց կաթողիկոսը: Նա ուսանել է Սևանա վանքում, եղել Շողագավանքի, ապա՝ Սևանա վանքի վանահայր: Նրա օրոք կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխվել է Անի՝ նորակառույց Կաթողիկե եկեղեցի՝ Մայր տաճար: Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ: Սարգիս Առաջին Սևանցին կաթողիկոսական գահից հրաժարվել է կամավոր՝ ծերության պատճառով: Վախճանվել է 3 տարի անց: Տարիքը հայտնի չէ, քանի որ տարեգրության մեջ չի պահպանվել նրա ծննդյան թվականը:
1861: Թիֆլիսում ծնվել է նկարիչ Հարություն Շամշինյանը: Կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում: Ստեղծել է հայ և վրացի ժողովուրդների կենցաղը, խաղերը, տոները պատկերող կենցաղային ժանրի նկարներ, դիմանկարներ, բնանկարներ: Դասավանդել է Ներսիսյան, Գայանյան և Ս. Նշան դպրոցներում: Մշակել է նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության և հեռանկարի ձեռնարկ: Մահացել է 1914-ին: Շամշինյանի դիմանկարը ստեղծել է ռուս հայտնի նկարիչ Միխայիլ Վրուբելը:
1921: Սկսվեց Լոնդոնի կոնֆերանսը, որտեղ քննարկվեց նաև Սևրի պայմանագրի վերանայման խնդիրը: Օգտվելով Անտանտի ներսում ծագած հակասություններից՝ Թուրքիան պահանջեց վերականգնել նախապատերազմյան իր սահմանները՝ ներառյալ Ալեքսանդրապոլի պայմանագրով զավթած Կարսի մարզն ու հայկական մյուս շրջանները: Հայկական պատվիրակությունները՝ Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի գլխավորությամբ, կոնֆերանսից վերադարձան ձեռնունայն:
1921: Երևանում ծնվել է Հայաստանի արվեստի վաստ. գործիչ, կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը: Նրա թավջութակի և նվագախմբային կոնցերտները, լարային կվարտետները, դաշնամուրային նվագները լայն ճանաչում ունեն և ընդգրկվում են միջազգային մրցույթների ծրագրում: Մահացել է 2001-ին:
1926: Աշխաբադում ծնվել է ԽՍՀՄ ժող. արտիստ, ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի պրոֆ., Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը: Կանացի և դերասանական հմայքի շնորհիվ կերտել է ազգային, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների բեմական հրաշալի կերպարներ: Եղել է հիանալի ասմունքող, նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Ապրել է 61 տարի:
1905: Մոսկվայում ծնվել է Ռուսաստանի ժող. արտիստ, կինոռեժիսոր, խորհրդային մուլտկինոյի հիմնադիրներից Լև Ատամանովը (Լևոն Ատամանյան): Նկարահանել է հայկական առաջին մուլտֆիլմերը՝ «Շունն ու կատուն», «Տերտերն ու այծը»: Նկարիչ և ռեժիսոր Վլ.Սուտեևի հետ ստեղծել է խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմը, նաև հայկական առաջին գունավոր մուլտֆիլմի («Կախարդական գորգը») համահեղինակն է: Մահացել է 1981-ին Մոսկվայում:
1909: Երևանում ծնվել է Հայաստանի արվեստի վաստ. գործիչ, նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը: Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Մահացել է 1994-ին:
___
1944 թ. այս օրը Փարիզում գերմանացիները գնդակահարեցին ֆրանսիական ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Միսաք Մանուշյանին և նրա մարտական ընկերներին: Փարիզում և Երևանում կան Մանուշյանի անունը կրող փողոցներ: Երևանում հրատարակվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն:
1948 թ. փետրվարի 21-ին ամբողջ Հնդկաստանով մեկ կատարվեց զանգվածային աղոթք անգլիական բանտում հացադուլ հայտարարած 78-ամյա Մահաթմա Գանդիի առողջության համար: Ի դեպ, «Հնդկաստանի հայր» Գանդին մահացել է հացադուլից ընդամենը 12 օր անց՝ իր մոլեռանդ հինդու հակառակորդի կրակոցներից: Մահվանից առաջ նա շարժումներով հասկացրել է, որ ներում է մարդասպանին: Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, աշխարհում նշվում է որպես ոչ բռնության միջազգային օր։