Այսօր հանցագործությունների զոհերին աջակցության միջազգային օրն է: 1990 թ. փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց «Հանցագործությունների զոհերի խարտիա» փաստաթուղթը:
___
1809: Ռումինիայի Սուչավա քաղաքում ծնվել է հայ բժիշկ, լուսավորիչ Անդրեաս Փափովիչը (Փոփովիչ): Տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, հռչակվել որպես ժողովրդական բժիշկ:
1837: Էջմիածնում հիմնվեց հայ եկեղեցու բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը: Խորհրդային կառավարության առաջին դեկրետներից մեկով Սինոդը վերացվեց, սակայն շուտով վերականգնվեց որպես զուտ եկեղեցական խորհրդակցական մարմին: 60-ական թթ.-ից Սինոդներ կան Վատիկանի հետ ունիայի մեջ գտնվող որոշ եկեղեցիներում, այդ թվում հայկական Սինոդ՝ Լիբանանում:
1904: Ռուսաստանի կոմկուսի Կենտկոմը Ժնևում հաստատեց հայերեն և վրացերեն սոցիալ-դեմոկրատական գրականություն հրատարակող հանձնաժողովի կազմը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ:
1921: Որոշում կայացվեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին: Կոմիտեն ստեղծվեց տասն ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին: Առաջին նախագահն էր Վահրամ Ղարագուլյանը:
1925: Թիֆլիսում ծնվել է հանրապետության վաստ. ինժեներ, ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր, ինժեներ-էլեկտրիկ Յուրի Խոջայանցը: Գլխավորել է«Աստրոն» և «Գլազար» տիեզերական աստղադիտակների ստեղծման աշխատանքները:
1933: Փարիզում լույս տեսավ «Հայ օգնության կոմիտեների» (ՀՕԿ) ամսագրի առաջին համարը:
1934: Ալեքսանդրետում ծնվել է սփյուռքահայ գրող Արամ Սեփեթճյանը: Իր վիպակներում ու պատմվածքներում անդրադարձել է լիբանանահայ գաղթօջախի կյանքին: 1992-ից եղել է «Սիփան» հրատարակչության հիմնադիր-տնօրենը:
1938: Գյումրիում ծնվել է Հայաստանի արվեստի վաստ. գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Մրցանակներ են շահել նրա «Լեռնային պարեկ», «Աստղային պահեր», «Սկիզբը» ֆիլմերը: Փելեշյանի «Տարածման մոնտաժ» երկը նոր խոսք է կինոյի մոնտաժման տեսության մեջ: Պարգևատրվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, արժանացել 2000 թ. Փարիզի միջազգային կինոփառատոնի Մեծ մրցանակին:
1939: Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնին շնորհվեց Ալ. Սպենդիարյանի անունը:
1960: Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց Վահրամ Փափազյանի անունով: Մեծ է այս խմբի ավանդը լիբանանահայ թատրոնի պատմության մեջ:
___
1512 թ. այս օրը, մոտ 55 կամ 57 տարեկան հասակում, մահացավ հայտնի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին: Ծառայելով իսպանական, իսկ այնուհետև՝ պորտուգալական կառավարությունում, 1499-1504 թթ.-ին նա մի քանի նավարկություն կատարեց դեպի Հարավային Ամերիկայի ափերը, որոնք ինքը «Նոր երկիր» էր անվանել: 1507-ին Վեսպուչիի հայտնաբերած հողերը (Հարավային Ամերիկան) գերմանացի քարտեզագիր Մարտին Վալձեմյուլլերի առաջարկով նրա պատվին անվանվեցին Ամերիկա: Շուրջ 3 տասնամյակ անց այդ անունը տարածվեց նաև Հյուսիսային Ամերիկայի վրա: