1932: Երևանում լույս տեսավ Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի «Գրական թերթի» առաջին համարը: ՀԳՄ պաշտոնաթերթը հրատարակվում է արդեն 90 տարի: Նրա լույսընծայումն ընդհատվել է միայն պատերազմական տարիներին՝ 1941-ի նոյեմբերից մինչև 1944-ի դեկտեմբերը:

1936: Թիֆլիսում հանդիսավորությամբ բացվեց հայկական մշակույթի տունը:

1959: Երևանում հիմնադրվեց Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

___

1841: Կ. Պոլսում ծնվել է ազգային-պահպանողական ուղղության հաս.-քաղ. գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բանասեր, Կ.Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա (Պողոս) Օրմանյանը: Իտալիայում հանդիպել է Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր: Ընտրվել է Բարձր Հայքի հոգևոր առաջնորդ և կապ հաստատել «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական կազմակերպության հետ: Վճռական և ազատախոհ ճառերի համար Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նրան արտաքսել է երկրից: 1906-ին՝ հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և փաստորեն արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանի առիթով, Օրմանյանը նրան ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել: Սակայն 2 տարի անց Կ.Պոլսում կազմակերպված ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և նրան հայտարարել պաշտոնանկ: Ի դեպ, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված լավագույն ձեռնարկներից էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կողմից Օրմանյանի «Ազգապատում» հանրագիտական եռահատոր աշխատության հրատարակությունը:

 1921: Թիֆլիսում ծնվել է ԽՍՀՄ հետմահու հերոս, լեյտենանտ Սերգեյ Օհանյանը (Օգանով): Հրետանային մարտկոցի հրամանատար Օհանյանը իր 16 մարտիկների հետ 1941-ի նոյեմբերի 17-18-ին Դոնի Ռոստովի մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է 30 գերմանական տանկ: Զոհվել է նոյեմբերի 18-ին:

1921: Վլադիկավկազում ծնվել է ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Ալեքսանդր Մնացականյանը (Մնացականովը): Հերոսի կոչման է արժանացել Լենինգրադի շրջափակման մարտերում թշնամու պաշտպանական բնագծերը ճեղքելու ժամանակ կատարած սխրանքի համար:

1910: Օրդուբադի շրջանի Բիստ գյուղում ծնվել է ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, ծանրորդ Սերգո Համբարձումյանը: Եղել է ծանրամարտի աշխարհի, ԽՍՀՄ, Անդրկովկասի և Հայաստանի չեմպիոն, 1938-ին`աշխարհի ռեկորդակիր: Մահացել է 1983-ին Երևանում:

1924: Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ծնվել է բանագետ Արտաշես Նազինյանը: Նրա խմբագրությամբ և մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» 13-հատորյակի համահավաք հրատարակությունը: Նրա մշակմամբ լույս են տեսել «Հայկական ժողովրդական հեքիաթներ» և հայկական առակների, զրույցների, առածների, խաղերի և հանելուկների «Ծաղկեփունջ» ժողովածուները: Մահացել է 1999-ին Երևանում:

1932: Երևանում ծնվել է ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պատվավոր անդամ, Հայաստանի ժող. ճարտարապետ Արթուր Թարխանյանը: Նախագծել է տասնյակ տիպային շենքեր, մայրաքաղաքի «Էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը, համահեղինակ է Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի, Երևանի նախկին երիտասարդական պալատի, «Զվարթնոց» օդանավակայանի, շուրջ երկու տասնյակ հուշարձանների: Երևանի Մարզամշակութային կենտրոնի շենքի նախագծի համար համահեղինակների խմբի հետ արժանացել է ԽՍՀՄ պետ. մրցանակի:

1932: Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ծնվել է տեխ. գիտ. դ-ր, Հայաստանի և ԽՍՀՄ պետ. մրցանակների դափնեկիր Միհրան Սեմերջյանը: Հայրենադարձվել է 1946-ին, ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում, 10 տարի ղեկավարել այն: Մասնակցել է ժամանակի արդիական էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մշակմանն ու արտադրության մեջ ներդրմանը: Մահացել է 1986-ին Երևանում:

1960: Երևանում ծնվել է ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, հրաձգության ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, 1992 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը: Եղել է ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ: 1995-ին ընտրվել է Հայաստանի հրաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ:

___

2004: Այս օրը Մասաչուսեթսում մահկանացուն կնքեց արվեստի պատվավոր դ-ր, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը: Ծնվել է Բոստոնում 1930-ին: Հետագայում դարձել է ծննդավայրի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահարը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, պարբերաբար՝ նաև Հայաստանում: 1957-ին Փարիզում անցկացված հոգևոր երաժշտության առաջին կոնգրեսում արժանացել է առաջին մրցանակի: 1983-ին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի: