1899-ի փետրվարին Թիֆլիսում ստեղծվեց «Վերնատուն» գրական խմբակը (հավաքատեղին): Նրա անդամները հավաքվում էին Թիֆլիսի Բեհբության փողոցի թիվ 50 տան վերնահարկում՝ Հովհաննես Թումանյանի բնակարանում: Թումանյանի գլխավորությամբ հիմնադիր անդամները՝ Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, կազմակերպում էին ընթերցումներ, գրականագիտական զրույցներ, ասուլիսներ, զբաղվում հայ և համաշխարհային գրականության ու բանահյուսության ուսումնասիրությամբ, քննում գրականությանն առնչվող հարցեր: Խմբակը հիմնաքար դարձավ Հայ գրողների կովկասյան ընկերության համար և ընդհատումներով գործեց մոտ 9 տարի՝ մինչև 1908-ի վերջը: Ի դեպ, 1997-ին Թբիլիսիում ստեղծվեց նոր՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, որի վարչության նախագահն է բանաստեղծ Գևորգ Սնխչյանը՝ Ջավախքից: Միությունը խրախուսում և նյութապես սատարում է վիրահայ գրողներին, հրատարակում «Վերնատուն» տարեգիրքը:

1896: Երևանում ծնվել է ռազմ. գործիչ, գեներալ-լեյտենանտ Արտակ Վարդանյանը: Առաջին աշխարհամարտի սկզբին կամավոր մեկնել է ռազմաճակատ, Հայկական կամավորական 4-րդ ջոկատի կազմում մասնակցել Սարիղամիշի գործողությանը: 1920-ի աշնանը կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրքերի դեմ : Մասնակցել է Հայաստանի քաղաքացիական կռիվներին, աշխատել է բանակի կապի վարչության գիտատեխնիկական կոմիտեում, ապա գլխավորել ռազմական հատուկ դպրոցի ամբիոնը: Մահացել է 1993 -ին Մոսկվայում:

1898: Մարտակերտի Վանք գյուղում ծնվել է Հայաստանի վաստ. նկարիչ, խորհրդահայ կինոնկարչության հիմնադիրներից Սարգիս Սաֆարյանը: Ձևավորել է մոտ 20 ֆիլմ՝ «Զանգեզուր», «Պեպո», «Կարո», «Մոր սիրտը», «Անահիտ», «Նվագախմբի տղաները»: Մահացել է 1975-ին Երևանում:

1921: Մարաշում ծնվել է պատմ. գիտ. դ-ր, պրոֆ., բանասեր, հայագետ ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրներից Ավետիս Սանճյանը: Լույս են տեսել Սանճյանի «Ցուցակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնադարյան հայերեն ձեռագրերի», «Պատմական Սիրիայի հայկական գաղութները օսմանյան տիրապետության տակ», «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301-ից 1480 թվականներ» հայագիտական աշխատությունները:

1938: Երևանում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, պետ. Մրց. դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին: Ստեղծել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Նրա «Կանչ» ժապավենը շահել է համամիութենական 11-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը:

Այսօր Հայաստանի վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է: Հայաստանի պետական և Մարտիրոս Սարյանի անվան մրցանակների հետմահու դափնեկիր նկարիչը ողբերգաբար զոհվեց 1975-ի փետրվարի 24-ին, կյանքի 47-րդ տարում:

___

­­­Երբ 1916-ի ապրիլին ռուսական զորքերը գրավեցին Տրապիզոնը, նախկին 4000 հայ բնակչություն ունեցող քաղաքում մնացել էին ընդամենը 15 հայ կին և 50 որբուկ: Հետագա 2 տարիներին հայրենի քաղաք վերադարձավ մոտ 5000 հայ: Սակայն 3 տարի անց՝ 1919 թվականի փետրվարի 24-ին, թուրքական զորքերը վերագրավեցին Տրապիզոնը: Քաղաքի քրիստոնյա՝ հայ, վրացի և հույն բնակչությունը ոչնչացվեց: Նույն տարում թուրքական ռազմական դատարանը տարբեր պատիժների դատապարտեց Տրապիզոնի կոտորածների գլխավոր կազմակերպիչներին՝ վալի Ջեմալ Ազմիին՝ (հեռակա), ոստիկանապետ Նուբի Բեյին և 3 այլ պաշտոնյաների: Հայտնի է, որ 1920-ի օգոստոսին Սևրի պայմանագրով որոշվել էր Տրապիզոնն իբրև նավահանգիստ հանձնել Հայաստանի Հանրապետությանը, սակայն դա չիրագործվեց: 20-րդ դարի երեսնական թվականներին Տրապիզոնում ապրում էր ընդամենը 60 հայ ընտանիք: